- Գլխավոր էջ
- Կրթություն
-
«Հոգի-ձայն-պատկեր» կրթական ծրագիրը Վենետիկում
«Հոգի-ձայն-պատկեր» կրթական ծրագիրը Վենետիկում
Կրթական ծրագիր ՎԵՆԵՏԻԿԻ արվեստի 60-րդ բիենալեի Հայաստանի ազգային տաղավարում
2024թ․ Վենետիկի 60-րդ հոբելյանական արվեստի բիենալեի շրջանակում Հայաստանի ազգային տաղավարի համակազմակերպիչ և գլխավոր հովանավոր Գաֆէսճեան արվեստի կենտրոնը (ԳԱԿ) իրականացրեց «Հոգի-ձայն-պատկեր» խորագրով կրթական ծրագիրը։ Նման ձևաչափը Հայաստանի ազգային տաղավարում առաջին անգամ է կիրառվել։
Ծրագրի շրջանակում տեղի ունեցավ 5 հանդիպում՝ ընդհանուր շուրջ 70 ուսանողի և այլ այցելուների ներգրավմամբ, որոնց թվում էին հեղինակավոր կրթամշակութային հաստատություններ՝ Եվրոպական մշակութային ակադեմիան (European Cultural Academy - ECA), Տրենտոյի (NEST College & Campus Trento) և Վենետիկի Կա Ֆոսկարի (Università Ca' Foscari) համալսարանները և Սան Ռոկոյի մեծ դպրոցի երգչախմբի անդամները (La Scuola Grande di San Rocco)։
Ծրագրի առաջին մասում մասնակիցները ծանոթացան Հայաստանի ազգային տաղավարը ներկայացնող փարիզաբնակ հայ արվեստագետ Նինա Խեմչյանի «Արձագանք» բազմաշերտ մուլտիմեդիա նախագծին, որն ուներ երեք բաղադրիչ․ «Յոթ մահացու մեղքեր», «Արձագանք» և «Կատարելություն»։
Ապա մասնակիցները տեղափոխվեցին ստեղծագործական տարածք, որտեղ փորձ արվեց ուսումնասիրելու ցուցադրության առանցքային մաս կազմող, Հասմիկ Բաղդասարյան-Դոլուխանյանի կողմից կատարվող Մեսրոպ Մաշտոցի շարականների տեքստն ու երաժշտությունը։ Նրանց տրամադրվեցին շարականների թարգմանված տեքստերն ու լատինատառ տառադարձումներ պարունակող հատուկ թռուցիկներ, որոնց օգնությամբ մասնակիցները ծանոթացան շարականների բովանդակությանը և նույնիսկ երգեցին դրանցից մի քանիսը։
Շարունակելով հոգևոր երաժշտության ունկնդրումը՝ ներկաներն անցան ծրագրի ստեղծագործական մասին: Նինա Խեմչյանի գնդաձև կավե քանդակների նմանությամբ, շրջանաձև թղթերի վրա մասնակիցները տարբեր նյութերի օգնությամբ փորձեցին արտահայտել հնչող երաժշտությունից ստացած իրենց տպավորություններն ու զգացմունքները:
«Արձագանք» ցուցադրության և վերջինիս վրա հիմնված կրթական ծրագրի միջոցով մասնակիցները խորացրեցին հայկական մշակույթի մասին իրենց գիտելիքները, ինչպես նաև ունեցան ինքնաարտահայտվելու հնարավորություն։