- Գլխավոր էջ
- Կրթություն
-
«Պատանի արվեստագետների հարթակ» նախագիծը
«Պատանի արվեստագետների հարթակ» նախագիծը
Շարունակելով Գաֆէսճեան արվեստի կենտրոնի (ԳԱԿ) տասնամյակին նվիրված միջոցառումների շարքը՝ Կենտրոնը հոկտեմբերի 21-ին ներկայացրեց Beeline-ի աջակցությամբ իրականացվող «Պատանի արվեստագետների հարթակ» նախագիծը:
Կարևորելով պատանի արվեստագետների ինքնաարտահայտվելու անհրաժեշտությունը` Գաֆէսճեան պատանեկան խորհրդի նախաձեռնությամբ ստեղծվել է նոր հարթակ, որի նպատակն է պատանիներին առիթ ընձեռել՝ ներկայացնելու իրենց արվեստը, առանց տեսակի սահմանափակման: Հարթակի յուրաքանչյուր մասնակից 20-30 րոպեների ընթացքում տեսանյութի օգնությամբ ներկայացրեց իր պորտֆոլիոն, որին հաջորդեց քննարկում:
«Գաֆէսճեան պատանեկան խորհրդի անդամները միշտ հանդես են գալիս հետաքրքրական և ստեղծագործ նախաձեռնություններով: «Պատանի արվեստագետների հարթակ» նախագիծը հրաշալի առիթ է պատանիների փոխշփման, նոր տաղանդների բացահայտման, կապերի հաստատման, նոր համատեղ նախագծերի ստեղծման և իհարկե Գաֆէսճեան պատանեկան խորհրդի նոր անդամներով համալրման առումով», - նշեց Գաֆէսճեան արվեստի կենտրոնի Գործադիր տնօրենի պաշտոնակատար Վահագն Մարաբյանը:
«Տաղանդներ ու հանճարներ հենց այնպես չեն հայտնվում, նրանց բոլորի կյանքում լինում է ինչ-որ մեկը, ով նրանց աջակցում է: Հաճելի է գիտակցել, որ այս պատանիների համար հենց մենք և Գաֆէսճեան արվեստի կենտրոնը կլինենք այդ ինչ-որ մեկը, ով նրանց հնարավորություն կտա բացահայտել իրենց և մեծ հաջողությունների հասնել ապագայում», - նշեց Հայաստանում Beeline-ի Գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը։