- Գլխավոր էջ
- Կրթություն
-
Դեմ առ դեմ
Դեմ առ դեմ
«Դեմ առ դեմ» կրթական ծրագիրը հիմնված էր «Գևորգ Գրիգորյան ՋՈՏՏՈ» ցուցադրության վրա:
Ծրագիրը նախատեսված էր երկու տարիքային խմբերի՝ 1-6-րդ և 7-12-րդ դասարանների աշակերտների համար:
«Դեմ առ դեմ» ծրագրի գեղարվեստական և ստեղծագործական առանցքը «Գևորգ Գրիգորյան ՋՈՏՏՈ» ցուցադրության շրջանակներում լայնորեն ներկայացված դիմանկարի ժանրն էր: Ծրագիրը նպատակ ուներ մասնակից-դպրոցականներին ներկայացնել հայ անվանի նկարիչ Գևորգ Գրիգորյանի (1897-1976) կյանքը և ստեղծագործական ուղին, ինչպես նաև կենտրոնանալով ցուցադրված ինքնադիմանկարների, հավաքական կերպարների և պատմական հերոսների դիմանկարների վրա, ներկայացնել և քննարկել դիմանկարային արվեստը:
Նախատեսված լինելով տարբեր տարիքային խմբերի համար՝ ծրագիրն առաջարկում էր երկու թեմատիկ մոտեցում. 1-6-րդ դասարանների աշակերտները ներգրավվում էին ցուցադրության շրջանակներում ներկայացված պատմական և հավաքական կերպարներին անդրադարձող ստեղծագործական աշխատանքում, իսկ 7-12-րդ դասարանցիները բացահայտում էին ինքնադիմանկարի առանձնահատկությունները:
Յուրաքանչյուր տարիքային խմբի համար ընտրված էր դիմանկարների շուրջ շրջայց-քննարկում, որին հաջորդում էր ստեղծագործական աշխատանքը: 1-6-րդ դասարանների աշակերտները ստեղծում էին պատմական կերպարների կամ սիրելի հերոսների դիմանկարները, իսկ ավագ խմբերը ընդգրկվում էին ինքնության մասին քննարկման մեջ, որից հետո ստեղծում կոլաժ-ինքնադիմանկարներ: