Ջերարդ Լ. Գաֆէսճեանը (1925-2013)` մեծ գործարար և բարեգործ, հիմնադրել է «Գաֆէսճեան Ընտանիք» հիմնադրամը (ԳԸՀ), «Գաֆէսճեան Թանգարան» հիմնադրամը (ԳԹՀ) և Գաֆէսճեան արվեստի կենտրոնը:
-
Ջերարդ Լ. Գաֆէսճեանի մասին
Ջերարդ Գաֆէսճեանը ծնվել է 1925-ի ապրիլի 26-ին Նյու Յորքի Բրուքլին թաղամասում: Նրա ծնողները ներգաղթել էին Միացյալ Նահագներ՝ Հայոց ցեղասպանությանը նախորդող տարիներին:
-
Ընտանիք և կրթություն
Պատերազմից վերադառնալուն պես նա ամուսնացել է բուժքույր Քլեո Թոմասի հետ, ում հանդիպել էր պատերազմի ժամանակ: Ջ. Գաֆէսճեանը ստացել է տնտեսագիտության և իրավաբանության բակալավրի աստիճան: Նա ուսանել է Հանթեր քոլեջում և ապա Սուրբ Հովհաննես համալսարանի Իրավագիտական բարձրագույն դպրոցում: Նա Նյու-Յորքի փաստաբանների ասոցիացիայի անդամ էր:
-
Կարիերան West Publishing-ում
1952թ-ին նա սկսել է իր մասնագիտական գործունեությունն աշխարհի առաջատար իրավաբանական տեղեկատվության ընկերություններից մեկում` West Publishing-ում, որպես իրավական հարցերով խմբագիր: Ընկերության 100-ամյա պատմության մեջ նա դարձել է առաջին աշխատակիցը, ով մասնաճյուղից տեղափոխվել է Մինեսոթա՝ գլխավոր գրասենյակ, որտեղ ստանձնել է նույն ընկերության մի շարք ղեկավար պաշտոններ` ի վերջո դառնալով West Publishing ընկերության գործադիր փոխնախագահ և Տնօրենների խորհրդի անդամ:
Նա հիմնադրել և հաջողությամբ իրականացրել է «Արևմտյան արվեստը և իրավունքը» /West Art and the Law/ ամենամյա ցուցահանդեսը: Այդ նախաձեռնության համար նա արժանացել է «Գործարարությունը և արվեստը» պարգևի, որն ավանդաբար հանձնվում էր արվեստի ոլորտում ներդրում կատարող կորպորացիաներին:
-
Կյանքի վաղ տարիներ. Ծառայություն ԱՄՆ նավատորմում Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ
Նա մասնակցել է Երկրորդ Համաշխարհային պատերազմին Խաղաղ և Ատլանտյան օվկիանոսներում տեղակայված ԱՄՆ Ռազմածովային նավատորմի կազմում՝ ծառայելով Կորսեր III զբոսանավի վրա, որը կառուցվել էր 1895 թվականին՝ ավելի ուշ վերածվելով գեոդեզիական հետազոտություններ կատարող ռազմանավի: Այն հետազոտություններ էր կատարում Սոլոմոնյան կղզիների հատվածում: Գաֆէսճեանը նաև ծառայել է Անդրես ամերիկյան ռազմանավի վրա:
-
-
-
«Գաֆէսճեան Ընտանիք» հիմնադրամ
1996թ-ին, ի նշան իր հայկական ծագման, Ջ. Գաֆէսճեանը հիմնադրեց «Գաֆէսճեան Ընտանիք» հիմնադրամը: ԳԸՀ-ի նպատակն է նպաստել հայ ազգի նկրտումներին` ցեղասպանության թողած ողբերգական հուշերի բեռը թեթևացնելու գործում: Ջ. Գաֆէսճեանը նվիրաբերել է միլիոնավոր դոլարներ Հայաստանին օգնելու և հայերի խնդիրների լուծմանն աջակցելու համար:
«Գաֆէսճեան Ընտանիք» հիմնադրամը նախաձեռնել է նաև մի շարք նախագծեր, որոնց նպատակն է ստեղծել աշխատատեղեր և ապահովել կայուն տնտեսական ակտիվություն` վերականգնվող էներգետիկայի, ԶԼՄ-ների, ֆինանսական ծառայությունների, անշարժ գույքի զարգացման, համակարգչային ծրագրերի և հեռահաղորդակցության ոլորտներում ծրագրերի զարգացման և իրականացման համար:
-
Կասկադի համալիրի վերանորոգումըԻմանալ ավելին Կասկադ համալիրի մասին
Ջերարդ Գաֆէսճեանի բարեգործական գործունեության ամենակարկառուն ձեռքբերումը Երևանի գլխավոր ճարտարապետական կառույցներից Կասկադի վերանորոգումն էր, որտեղ 2009 թվականին բացվեց Գաֆէսճեան արվեստի կենտրոնը: Տարեկան ավելի քան մեկ միլիոն այցելու հյուրընկալող թանգարանը, որ կրում է իր հիմնադրի անունը, այսօր դարձել է քաղաքի կարևորագույն մշակութային կիզակետերից մեկը: Ցուցադրելով իր մասնավոր հավաքածուն՝ Ջ. Գաֆէսճեանը նպատակ ուներ արվեստի միջոցով նոր լույս տարածելու հայերի կյանքում: Թանգարանում ներկայացված է համաշխարհային կարգի քանդակների պարտեզ՝ Բոտերոյի, Պլենզայի, Վոյտուկի, Վասկոնսելոսի գործերով։ Քանդակների պարտեզի և ցուցասրահների մուտքն անվճար է, և այն այժմ Հայաստանի ամենահայտնի հանդիպման վայրերից մեկն է:


2025 թվականին նշվեց Ջերարդ Գաֆէսճեանի ծննդյան 100-ամյակը։ Այս առիթով, ՀՀ Կենտրոնական Բանկը թողարկեց «Ջերարդ Լ. Գաֆէսճեան – 100» ոսկե հուշադրամը, իսկ «Հայփոստ» ընկերության կողմից շրջանառության մեջ դրվեց մեկ նամականիշով գեղաթերթիկ։
-