ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՏԱՂԱՎԱՐԸ ՎԵՆԵՏԻԿԻ 60-ՐԴ ԱՐՎԵՍՏԻ ԲԻԵՆԱԼԵՈՒՄ

Վենետիկի հոբելյանական 60-րդ արվեստի բիենալեում Հայաստանի Հանրապետության ազգային տաղավարում ներկայացվել էր փարիզաբնակ հայ արվեստագետ Նինա Խեմչյանի «Արձագանք» բազմաշերտ մուլտիմեդիա նախագիծը։

 

Տաղավարի կազմակերպիչն ու գլխավոր հովանավորը Գաֆէսճեան արվեստի կենտրոնն էր (ԳԱԿ)․ համադրող՝ ԳԱԿ ցուցադրությունների գծով տնօրեն Արմեն Եսայանց, կոմիսար՝ ՀՀ ԿԳՄՍ նախարարություն։

 

Տաղավարի առանցքում են հայ միջնադարյան մշակութային ժառանգության և համամարդկային տարաշերտ հոգևոր սկզբունքների խաչմերուկում հատվող գաղափարները, որոնք վերաիմաստավորվում են արդիականության համատեքստում։

 

«Արձագանք»-ի հիմնական մասը բաղկացած է երկու ծավալուն ինստալյացիաներից՝ երկու ոչ միայն միմյանց լրացնող, այլև իրարից սերող բաղադրիչներից. «Յոթ մահացու մեղքեր» և «Արձագանք»։ Տաղավարի գաղափարն ու հայեցակարգը ամփոփվում են մարդկային կատարելության արտահայտման նուրբ վերջակետով, ինչը, սակայն, կարող է դառնալ նաև նոր սկիզբ...

 

Հայկական տաղավարը երկխոսություն է ստեղծում 2024 թվականի Վենետիկի բիենալեի թեմայի հետ՝ «Օտարներ ամենուր»՝ ներկայացնելով Ֆրանսիայում ապրող հայազգի արվեստագետ Նինա Խեմչյանի աշխատանքները։ Թեև վերջինս ապրում է Եվրոպայում, իր ստեղծագործության մեջ նա վերադառնում է իր արմատներին՝ անդրադառնալով վտանգված հայկական միջնադարյան ժառանգությանը. ինքնության, հիշողության և պատկանելիության թեմաներ, որ աշխարհագրական և ժամանակային սահմաններից անդին են։

ԱՐՎԵՍՏԱԳԵՏ՝ ՆԻՆԱ ԽԵՄՉՅԱՆ
ԱՐՎԵՍՏԱԳԵՏ՝ ՆԻՆԱ ԽԵՄՉՅԱՆ
Ներկայացնում ենք Վենետիկի 60-րդ արվեստի բիենալեի շրջանակում Հայաստանի ազգային տաղավարի արվեստագետ Նինա Խեմչյանին

Նինա Խեմչյանը ապրում և ստեղծագործում է Փարիզում։ Ավարտելով Երևանի պետական գեղարվեստաթատերական ինստիտուտի արդյունաբերական դիզայնի բաժինը 1988- ին՝ Նինան ակտիվորեն ստեղծագործում և ցուցադրվում է Հայաստանի ու արտերկրի տարբեր ցուցահանդեսներում: Տեղափոխվելով Ֆրանսիա 1990-ին՝ շարունակում է կրթությունը Փարիզի Կիրառական արվեստի և արհեստի ազգային բարձրագույն դպրոցում (ENSAAMA) 1996-1998 թվականներին։ Շուրջ երեսուն տարի Նինայի ստեղծագործությունները ներկայացվում են փարիզյան ու եվրոպական ցուցասրահներում, միջազգային փառատոներում։ Նա աշխատում է տարբեր մեդիաներում, հիմնականում նախընտրելով կավը, ինչպես նաև ստեղծում է գրաֆիկական աշխատանքներ։ Նրա աշխատանքները գտնվում են Հայաստանի և արտերկրների մասնավոր հավաքածուներում, ինչպես նաև Երևանի ժամանակակից արվեստի թանգարանի և Սերգեյ Փարաջանովի թանգարանի հավաքածուների մաս են կազմում։

ՅՈԹ ՄԱՀԱՑՈՒ ՄԵՂՔԵՐ
«Չկա ավելի մարդկային բան, քան մեղքն է, և չկա ավելի մարդկային բան, քան այդ մեղքը հաղթահարելու ցանկությունը»
Նինա Խեմչյան

Ազգային տաղավարի ցուցադրության մուտքը նշանավորվում է Նինա Խեմչյանի «Յոթ մահացու մեղքեր» աշխատանքով՝ 50 մետր
երկարությամբ ամբողջական թղթե մոնումենտալ ստեղծագործություն՝ մարդկության մեղքերի արդի պատկերագրությամբ մի կոթողային գլանակ։ Այն բաժանված է յոթ մասերի, որոնցից յուրաքանչյուրը անդրադառնում է մեղքերից մեկին. բղջախոհություն, որկրամոլություն, ծուլություն, ագահություն, բարկություն, հպարտություն, նախանձ։ Աշխատելով սև թանաքով սպիտակ թղթի մակերեսին՝ արվեստագետը ոչ միայն կտրուկ, գրաֆիկական որակներ է հաղորդում ստեղծագործությանը, այլև փոխանցում է մեղքերի ակունքում եղած բարոյականի ու անբարոյականի բևեռային տարբերության հղացքը։ Յուրաքանչյուր դրվագ խորհրդանշական է, միևնույն ժամանակ գրաֆիկական և գրոտեսկային, որ ոչ միայն գերում է, այլև մտորելու տեղիք է տալիս։

 


Տաղավարի առաջին սրահը այցելուի յուրահատուկ ճամփորդության սկիզբն ու, միաժամակ, վերջն է. մեղքերի զարտուղի ճանապարհով է սկսվում և ավարտվում «Արձագանք» ցուցադրությունը։ Այն ամենամոտն է մարդուն, ամենաերկրայինը, ամենաընկալելին՝ թե՛ գաղափարական, թե՛ վիզուալ լեզվի տեսանկյունից։ 50 մետրանոց թղթի յուրաքանչյուր 7 մետրը հարուստ է մարդկային հիմնավոր արատների «նկարազարդումներով», որտեղ պատկերները վերածվում են պատումների՝ բառացի վիզուալ տեքստերի՝ հակադրվելով Ազգային տաղավարի անմիջապես հաջորդող հատվածին՝ ոչ միայն արվեստային տեխնիայի տեսանկյունից (թուղթ ու կավ), այլև՝ գաղափարական, երբ տեքստերն են վերածվում պատկերների։ «7 մահացու մեղքեր»-ը նաև առավել անսպասելի ու շատ ավելի միստիկ են դարձնում ցուցադրության շարունակությունն ու վերջակետը՝ կառուցված Մաշտոցյան ապաշխարության շարականների ու հավերժության գաղափարի առանցքի շուրջ։

ՅՈԹ ՄԱՀԱՑՈՒ ՄԵՂՔԵՐ
ԱՐՁԱԳԱՆՔ
«Վերադառնալով արմատներին՝ հասկանում ես, որ ամեն բան միասնական է՝ անցյալը, ներկան և ապագան... չնայած ժամանակին և տարածությանը»
Նինա Խեմչյան

Հայաստանի ազգային տաղավարի կենտրոնական ինստալյացիան բաղկացած է օդում, կարծես անկշռության մեջ կախված տասնմեկ
կապույտ կերամիկական գնդերից՝ կավե քանդակներից։ Այս աշխատանքներից յուրաքանչյուրի վրա ոսկե տառերով պատկերագրված է հայոց պատմության ու մշակույթի առանցքային ֆիգուր Մեսրոպ Մաշտոցի ապաշխարության տասնմեկ շարականներից յուրաքանչյուրը։

 

Նինա Խեմչյանը երկար տարիներ ուսումնասիրել է Մաշտոցի ժառանգությունը։ Նրա շարականների կատարումը Հասմիկ Բաղդասարյան-Դոլուխանյանի կողմից Նինայի արվեստային տեսլականին նոր խթան տվեց։ Այդպես ծնվեց «Արձագանք» նախագիծը, որը դարձավ նաև Հայաստանի ազգային տաղավարի խորագիրը. հայկական ինքնության կարևոր շերտի նուրբ և արդի մեկնաբանություն, որ հայ մշակույթի սահմաններից անդին է։ 

 

Ինստալյացիայի անբաժան մաս է կազմում Հասմիկի կողմից Մաշտոցի ստեղծած հոգևոր երգերի ակապելլա կատարումը. շոշափելի քանդակի և անշոշափելի ձայնի արվեստային միահյուսում, որ ներկայացնում է միջնադարյան երաժշտությունը արդիական կերպով։ Բառերը, հատկապես այդ բառերը կազմող տառերը, որ վերածվում են շարականների, դառնում են այս աշխատանքների հիմքը։ Բառերը վերածվում են վիզուալ կոդերի՝ վերհանելով մի մեդիտատիվ տարածք. խոսքը հայերեն է, գաղափարը՝ տիեզերական։ Մաշտոցի ժառանգությունը համամարդկային առանցքային գաղափարների ու արժեքների շուրջ է, որ դիպչում է յուրաքանչյուրին։

 

Երկու նախագծերը՝ «Արձագանքն» ու «Յոթ մահացու մեղքերը» լրացնում և հարստացնում են միմյանց՝ միահյուսելով մարդկային մեղսավորության ու ապաշխարանքի թեմաները, որ այդքան կարևոր և կենսական են հատկապես այսօր։ Մի դեպքում մեղքերը պատկերներով լի վիզուալ տեքստեր են, իսկ մյուսում՝ Մաշտոցի խոսքը վերածվում է պատկերների՝ գնդերի վրա։ Այս ձևաչափը կառուցում է խորքային պատում, որտեղ վիզուալ կոդերն ու տեքստային էլեմենտները առավել արժևորում են միմյանց իմաստները։ Ամբողջ ցուցադրությունը վերածվում է ինտերսեմիոտիկ հայեցակարգի, որտեղ պատկերները թարգմանվում են որպես տեքստ, և հակառակը։ Միևնույն ժամանակ, Հայկական տաղավարը դիտողին չի թողնում միայն մեղքի և ապաշխարանքի տիրույթում. յուրաքանչյուր ոք անցնում է երկրային մեղքերի ոլորաններով, ապա՝ հայտնվում միջնադարյան հոգևոր պոետիկ երաժշտությունից արձագանքող ինքնաճանաչողության և ապաշխարության երկնային տարածքում: Այս ուղին իր բարձրակետին է հասնում տիեզերական էության հետ խորը կապի ընկալումով՝ ցուցադրության անսպասելի վերջնակետում։

 

Ցուցադրությունը կարծես երկրի և երկնքի միջև հոգևոր եռագրության արտացոլանք լինի՝ միավորելով յուրաքանչյուրի «ես»-ը, տիեզերքը և էությունը, ուղղորդելով դեպի անհասի խորքային ընկալում։ Ոսկե գունդը դառնում է մաքրության, լույսի և հավերժության խորհրդանիշ՝ ԿԱՏԱՐԵԼՈՒԹՅՈՒՆ։

ԱՐՁԱԳԱՆՔ

ՎԻՆԻԼԱՅԻՆ ՍԿԱՎԱՌԱԿ

Գաֆէսճեան արվեստի կենտրոնը թողարկել է այս եզակի վինիլային ձայնասկավառակը Վենետիկի արվեստի բիենալեի շրջանակում՝ Հայաստանի ազգային տաղավարում Նինա Խեմչյանի «Արձագանք» մուլտիմեդիա ցուցադրության կապակցությամբ:

Սկավառակում ներկայացված են Հայ գրերի հեղինակ, փիլիսոփա, աստվածաբան և բանաստեղծ, Հայ առաքելական եկեղեցու վարդապետ Սուրբ Մեսրոպ Մաշտոցի (4-5րդ դարեր) Ապաշխարության շարականներից 11-ը՝ Հասմիկ Բաղդասարյան-Դոլուխանյանի «ա կապելլա» կատարմամբ:

Այս շարականների շուրջ է կառուցված Նինա Խեմչյանի «Արձագանք» աշխատանքը, որը Հայաստանի ազգային տաղավարի կենտրոնական ինստալյացիան է:

Սահմանափակ թողարկումով այս վինիլային սկավառակը (ընդամենը 300 օրինակ) թողարկվել է չեխական GZ Media-ի կողմից՝ աշխարհում վինիլային սկավառակների առաջատար արտադրողից։ Այս յուրահատուկ ձայնագրությունը փոխանցում է մաշտոցյան շարականների ողջ հոգևոր լիցքը` անհավանական խորությամբ։

2024 թվականի ապրիլի 20-ից նոյեմբերի 24-ը Վենետիկի 60-րդ արվեստի միջազգային բիենալեում Հայաստանի ազգային տաղավարը գրանցեց շատ մեծ հաջողություն՝ ունենալով ավելի քան 40,000 այցելու, ովքեր հարյուրավոր մեկնաբանություններ են թողել այցելուների գրքում։ Բացի այդ, Հայաստանի ազգային տաղավարը 2024 թվականին առաջին անգամ անցկացրեց կրթական ծրագրերի շարք Հոգի-Ձայն-Պատկեր , որին մասնակցեց մոտ 100 հոգի։ 

 

ԱՎԵԼԻՆ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ՝

ՀՈԳԻ-ՁԱՅՆ-ՊԱՏԿԵՐ

 

Վենետիկի 60-րդ արվեստի միջազգային բիենալեում Հայաստանի ազգային տաղավարի մասին պատմող «Արձագանք» ֆիլմը կարող եք դիտել ստորև՝