- Գլխավոր էջ
- Կրթություն
-
Երաժշտական զբոսանքներ
Երաժշտական զբոսանքներ
«Երաժշտական զբոսանքներ» երաժշտական նախագիծը նախատեսված էր 11-ից բարձր տարիքի երեխաներ ունեցող ընտանիքների, պատանիների և մեծահասակների համար և նպատակ ուներ դասական երաժշտությունը հասանելի դարձնել հասարակության լայն շերտերի համար, վաղ տարիքից հետաքրքրություն և սեր ձևավորել դասական երաժշտության հանդեպ, կառուցել ամուր և շարունակական հարաբերություններ ընտանիքների և պատանեկան լսարանի հետ:
Ունկնդրի հետ մտերմիկ երաժշտական զբոսանքների էր դուրս գալիս ծրագրի հեղինակ և վարող Մարինե Կարոյանը: Զբոսանքի ճանապարհը ունեցավ բազմաթիվ մեծ ու փոքր հանգրվաններ՝ երաժշտական լեզու, հայտնի ստեղծագործությունների անհայտ պատմություններ, երաժշտության ու կերպարվեստի կապը, երաժշտական գործիքներ, հնի արտահայտությունը նորի մեջ, համերգ և ունկնդիր և այլ հետաքրքրաշարժ անդրադարձեր։
Յուրաքանչյուր հանդիպում նվիրված էր նախօրոք ընտրված թեմային: Հանդիպումները կրում էին ինտերակտիվ բնույթ և ուղեկցվում էին գործնական աշխատանքներով: Ունկնդրի հարցը, պատասխանը և առաջարկները ցանկալի պայմաններից եին։
Ծրագիրն անցկացվում էր Գաֆէսճեան արվեստի կենտրոնի Հատուկ միջոցառումների սրահում, ամիսը մեկ անգամ, շաբաթ օրերին:
Հեղինակի մասին
Մարինե Կարոյանն ավարտել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիան երկու մասնագիտություններով՝ դաշնակահար և արվեստաբան։ Ավարտել է նույն կոնսերվատորիայի ասպիրանտուրան։ Երկար տարիներ դասավանդել է Կոնսերվատորիայում, Մանկավարժական համալսարանում։ Հիմնադրել և ղեկավարել է Դիլիջանի Միջազգային Դպրոցի երաժշտության բաժինը։ Ելույթ է ունենում համերգներով։ «ԱՐէ» կատարողական արվեստի միջազգային փառատոնի գեղարվեստական ղեկավարն է։
Ծրագրի հովանավորն էր Beeline ընկերությունը: