20 ՁԻԱՈՒԺ
Գաֆէսճեան արվեստի կենտրոնը հայտարարում է Գաֆէսճեան պատանեկան խորհրդի «20 ձիաուժ» նոր նախագծի մեկնարկը սեպտեմբերի 16-ին, ժ. 14:00-ին Կենտրոնի Հատուկ միջոցառումների սրահում:
Գաֆէսճեան պատանեկան խորհուրդն ակտիվորեն շարունակում է իր նախաձեռնությունները: Մեկնարկում է պատանիների կողմից մշակված ևս մեկ յուրօրինակ նախագիծ, որի նպատակն է հետազոտության և քննարկումների միջոցով բացահայտել ավտոմեքենաների հարուստ պատմությունը և դրանց կապն ու փոխազդեցությունը արվեստի այլ տեսակների հետ:
Մեր կյանքն արդեն վաղուց դժվար է պատկերացնել առանց ավտոմեքենաների: Մեքենան այսօր ավելին է քան զուտ սարքավորումը. այն խորհրդանշում է ազատությունն ու շարժումը, տանում է կյանքի մայրուղիներով, «ուղեկցում» մեզ ճանապարհորդությունների ժամանակ: Հաճախ մեքենան արտացոլում է մարդու ճաշակն ու մտածելակերպը և նույնիսկ հավակնություններն ու սոցիալական կարգավիճակը:
Չորս ամիս տևողությամբ այս նախագծի ընթացքում յուրաքանչյուր շաբաթ օր Գաֆէսճեան պատանեկան խորհրդի անդամները կներկայացնեն ավտոմեքենաների հետ կապված իրենց հետազոտությունները, որոնք կծավալվեն դրանց պատմության, տեխնոլոգիական առաջընթացի և շրջակա միջավայրի հետ փոխհարաբերության, և ընդհանրապես մշակույթի և արվեստի վրա ավտոմեքենաների ազդեցության շուրջ: Հղումներ կարվեն ավտոմեքենաների հետ կապված տարբեր այլ թեմաներին՝ երաժշտությանը, գրականությանը, ֆիլմերին:
Նախագիծը հրաշալի առիթ է զարգացնելու Գաֆէսճեան պատանեկան խորհրդի անդամների հետազոտական հմտություններն ու հրապարակային խոսքը, ինչպես նաև խթանելու Կենտրոնի գործունեության նկատամբ այլ պատանիների հետաքրքրությունը:
Մասնակցել կարող են 12 տարեկանից բարձր բոլոր տարիքային խմբերն ու ընտանիքները։ Մասնակցությունն անվճար է՝ պարտադիր նախնական գրանցմամբ:
Տեղեկությունների և գրանցվելու համար խնդրում ենք զանգահարել (+374) 10 54-19-32/34 հեռախոսահամարով։