Քնարիկ Վարդանյան․ ժամանակ, տարածություն, շարժում
Գաֆէսճեան արվեստի կենտրոնը շարունակում է բացահայտել հայ կերպարվեստի պատմության լուսանցքներում մնացած կին արվեստագետներին:
Քնարիկ Վարդանյանի (1914-1996) արվեստը կյանքի ամեն մի տարր իր ողջ էությամբ ուսումնասիրելու ու ճանաչելու մասին է՝ սկսած իրական, շոշափելի, հասանելի, առօրեական մակարդակից մինչև անհասանելի, անշոշափելի, տիեզերական հորիզոններ։
Գաֆէսճեան արվեստի կենտրոնը շարունակում է հայ կերպարվեստի պատմության լուսանցքներում մնացած կին արվեստագետներին բացահայտելու կարևոր առաքելությունը։ «Քնարիկ Վարդանյան․ ժամանակ, տարածություն, շարժում» ցուցադրությունը երկար տարիների լռությունից հետո այս ականավոր արվեստագետին իր ամբողջ գեղարվեստական ներուժով ներկայացնող կարևոր նախագիծ է։
Տասնամյակների հարուստ գեղանկարչական ժառանգության մեջ նկարչուհուն առաջ մղող գլխավոր ուժը մշտապես եղել է շարժումը, որով նա ոչ թե պարզապես հետաքրքրված, այլ տարված է եղել։ Իր օրագրերում և հոդվածներում արվեստագետը բազմաթիվ անգամներ անդրադառնում է շարժման ֆենոմենին, և իր ստեղծագործությունները դրա վառ վկայությունն են։ Եթե 1950-ական թվականների կտավներում դա անուղղակի է արտացոլված («Շշեր» կամ «Հայկական նատյուրմորտ»), ապա սկսած 1960-ականների երկրորդ կեսից շարժումը ոչ թե պարզապես անկյունաքարային է դառնում, այլ վերածվում է հեղինակի՝ արվեստով զբաղվելու գլխավոր մոտիվացիայի (հատկապես բնանկարներում)։ Գեղագիտական իմաստով շարժման ամենակոթողային ընկալումը իր բարձրակետին է հասնում արվեստագետի 1970-1980-ական թվականների ստեղծագործություններում, երբ երկրային շարժումներից հեղինակը անցում է կատարում արդեն միջմոլորակային, կոսմիկ տարածություններ։
«Ժամանակն ու տարածությունը սահմանվում են շարժումով», նշում է արվեստագետը իր օրագրերից մեկում պահպանված մի հոդվածի վերնագրում։ Կամ էլ մեկ այլ տեղ կարդում ենք․ «իմ նկարչության հիմնական խնդիրը դա շարժման արտահայտելն է՝ լայն առումով»։ Այսպես, ժամանակ-տարածություն-շարժում հարաբերությունների ուսումնասիրությունը եղել է Քնարիկ Վարդանյանի արվեստի կիզակետը։ Մի քանի տասնամյակի ընթացքում շարժումը վերածվել է նկարչուհու արվեստի փիլիսոփայության, ինչին հենց արվեստագետը ձգտում էր։
Ցուցադրությանը ներկայացված շուրջ հիսուն աշխատանքների մեծամասնությունը կոլեկցիոներ Նարեկ Վան Աշուղաթոյանի հավաքածուից են, իսկ մի շարք ստեղծագործություններ և կարևոր արխիվային նյութեր տրամադրվել են Հայաստանի ազգային պատկերասրահի կողմից։ Առաջին անգամ ցուցադրվում է նաև նկարչուհու թաքուն, ինտիմ արվեստային խոհանոցը, որտեղ նա գծանկարների միջոցով ուսումնասիրել է բնությունը, ճարտարապետությունը, տիեզերքը և, ինչն ամենակարևորն է՝ ինքն իրեն։
«Քնարիկ Վարդանյան․ ժամանակ, տարածություն, շարժում»-ը արվեստագետին ներկայացնող երբևէ եղած ամենամեծ ցուցադրությունն է՝ իր բովանդակությամբ արտացոլելով նկարչուհու մանիֆեստը․ «Արվեստագետը պետք է հետևի բնության օրենքներին և օրգանական միասնությամբ կերտի ձևն ու նրա բաղկացուցիչ բոլոր տարրերը․ այս միտքը այլևս ոճի ըմբռնում չէ, այլ ձևը իրականության հետ կապելու համոզմունք»։
Կենսագրություն
1914 ծնվել է Քաֆթառլի գյուղում (ներկայիս Փանիկ)
1933 ավարտել է Լենինականի (ներկայիս Գյումրի) շինարարական տեխնիկումը
1933-1934 աշխատել է Ալ․ Թամանյանի արվեստանոցում (Երևան)՝ որպես տեխնիկ ճարտարապետ
1934-1937 աշխատել է Կ․ Հալաբյանի արվեստանոցում (Մոսկվա)՝ որպես ավագ տեխնիկ ճարտարապետ
1938-1941 սովորել է Երևանի գեղարվեստական ուսումնարանում
1938-1941 աշխատել է որպես նկարիչ Երևանի պետական օպերայում
1942 աշխատել է Երևանի տիկնիկային թատրոնում որպես գլխավոր նկարիչ-ձևավորող և քանդակագործ
1944 սովորել է Մոսկվայի հանրապետական երկամյա բարձրագույն կուրսերում տիկնիկային թատրոնների նկարիչների համար, Ռուսաստան
1945-1950 սովորել է Երևանի գեղարվեստական ինստիտուտում
1945-1950 թատերական ձևավորումներ է արել Երևանի պետական օպերայում, Պատանի հանդիսատեսի թատրոնում, Ամո Խարազյանի անվ․ Արտաշատի թատրոնում
1951-1952 սովորել է Մոսկվայի հայկական կուլտուրայի տանը, ակադեմիկոս Բորիս Իոգանսոնի մոտ
1953 դարձել է Հայաստանի նկարիչների միության անդամ
1967 արժանացել է ՀԽՍՀ վաստակավոր նկարչի կոչման
1969 մասնակցել է ցուցադրության Մինաս Ավետիսյանի և Հովհաննես Շարամբեյանի հետ Փարիզում, Ֆրանսիա
Անհատական ցուցահանդեսներ է ունեցել Երևանում (1965, 1978, 1981), Գյումրիում (1981), Վանաձորում (1981), Եղեգնաձորում (1982), Թբիլիսիում (1982)։
Խմբային ցուցադրությունների է մասնակցել Լիտվայում, Էստոնիայում, Ռուսաստանում, Ղազախստանում, Մոլդովայում, Բուլղարիայում, Չեխոսլովակիայում, Հունգարիայում, Կուբայում, Գերմանիայում, Ֆրանսիայում, Դանիայում։
Անցկացրել է դասախոսություններ հայրենիքում և արտերկրում, հեղինակել է տասնյակ հոդվածներ, այդ թվում Ռ․ Շիշմանյանի, Ն․ Զարյանի, Գ․ Գրիգորյան Ջոտտոյի, Լ․ Խանամիրյանի, Հ․ Կալենցի և այլոց արվեստի վերաբերյալ։
Քնարիկ Վարդանյանը կյանքից հեռացել է 1996 թվականին Երևանում։
1998 թվականին հետմահու ցուցադրություն է կազմակերպվել Հայաստանի ազգային պատկերասրահում։