ՀԱՆԴԻՊՈՒՄ ԱՐՎԵՍՏԻ ՀԵՏ. Քնարիկ Վարդանյանի պատկերագրքի շնորհանդես

  • Ամսաթիվ 10 մրտ 2026

2026 թվականի մարտի 10-ին` ժամը 19:00-ին, Գաֆէսճեան արվեստի կենտրոնի Հատուկ միջոցառումների սրահում կկայանա «Քնարիկ Վարդանյան․ ժամանակ, տարածություն, շարժում» ցուցադրության պատկերագրքի շնորհանդեսը` «Հանդիպում արվեստի հետ» ծրագրի շրջանակում։

 

Միջոցառումից առաջ այցելուները հնարավորություն կունենան տեսնելու ցուցադրությունը Կենտրոնի «Արծիվ» սրահում՝ սկսած ժամը 18։30-ից։

 

Երեկոյի ընթացքում կներկայացվի Քնարիկ Վարդանյանի արվեստը, կամփոփվի Կենտրոնում շուրջ երեք ամիս տևած ցուցադրությունը և դրա շրջանակում իրականացված կրթական ծրագիրը։

 

Պատկերագիրքը հասանելի կլինի Կենտրոնի գործող անդամների համար։

 

Միջոցառման հյուրերը տեղում անդամակցելու հնարավորություն կունենան՝ ստանալով հրատարակության իրենց օրինակը։

 

Գաֆէսճեան արվեստի կենտրոնը շարունակում է հայ կերպարվեստի պատմության լուսանցքներում մնացած կին արվեստագետներին բացահայտելու կարևոր առաքելությունը։ «Քնարիկ Վարդանյան․ ժամանակ, տարածություն, շարժում» ցուցադրությունը երկար տարիների լռությունից հետո այս ականավոր արվեստագետին իր ամբողջ գեղարվեստական ներուժով ներկայացնող կարևոր նախագիծ է։

 

Ցուցադրությանը ներկայացված շուրջ հիսուն աշխատանքների մեծամասնությունը կոլեկցիոներ Նարեկ Վան Աշուղաթոյանի հավաքածուից են, իսկ մի շարք ստեղծագործություններ և կարևոր արխիվային նյութեր տրամադրվել են Հայաստանի ազգային պատկերասրահի կողմից։ Առաջին անգամ ցուցադրվում է նաև նկարչուհու թաքուն, խիստ անձնական արվեստային խոհանոցը, որտեղ նա գծանկարների միջոցով ուսումնասիրել է բնությունը, ճարտարապետությունը, տիեզերքը և, ինչն ամենակարևորն է՝ ինքն իրեն։

 

«Հանդիպում արվեստի հետ» միջոցառումների շարքը մեկնարկել է Գաֆէսճեան արվեստի կենտրոնում 2010 թ. հոկտեմբերից: Պարբերաբար կազմակերպվող այս միջոցառումները նվիրված են հայ և համաշխարհային արվեստագետներին և մշակութային կարևորագույն իրադարձություններին:

 

Դիտել միջոցառման լուսանկարները և տեսանյութը