Քեթլին Գաֆէսճեան Բարադարանը այցելեց Գաֆէսճեան արվեստի կենտրոն
2014 թվականի հոկտեմբերի 9-16-ը Հայաստան էր ժամանել Գաֆէսճեան ընտանիք հիմնադրամի նախագահ տիկին Քեթլին Գաֆէսճեան Բարադարանը, ամուսնու՝ Ջաֆար Բարադարանի և Գաֆէսճեան ընտանիք հիմնադրամի գլխավոր ֆինանսական տնօրեն Գարի Ջոնսի ուղեկցությամբ:
Հոկտեմբերի 10-ին տիկին Գաֆէսճեան Բարադարանն այցելեց Գաֆէսճեան արվեստի կենտրոն (ԳԱԿ), որտեղ Կենտրոնի գործադիր տնօրենի պաշտոնակատար Վահագն Մարաբյանի ուղեկցությամբ նա շրջեց Գաֆէսճեան քանդակների պարտեզում, ծանոթացավ ցուցադրություններին, որից հետո տիկին Գաֆէսճեան Բարադարանը եղավ նաև Կասկադ համալիրի շինհրապարակում և ԳԱԿ արվեստանմուշների պահոցում:
Այցելության շրջանակներում հանդիպում կայացավ նաև Կենտրոնի անձնակազմի հետ Հատուկ միջոցառումների սրահում, որտեղ պարոն Մարաբյանը ներկայացրեց բոլոր բաժիններն ու անձնակազմի անդամներին: Տիկին Գաֆէսճեան Բարադարանը իր խորին երախտագիտությունը հայտնեց Կենտրոնի ամբողջ անձնակազմին՝ Գաֆէսճեան ժառանգությանը իրենց շարունակական նվիրումի համար:
Հայաստան այցի շրջանակներում տիկին Գաֆէսճեան Բարադարանը նաև ներկա գտնվեց Դիլիջանի Միջազգային դպրոցի բացման պաշտոնական արարողությանը, ինչպես նաև հանդիպեց Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանի հետ: