Ջերարդ Լ. Գաֆէսճեանը ճանաչվեց 2010 թվականի տարվա մեկենաս
2011 թվականի մարտի 24-ին պարոն Ջերարդ Լ. Գաֆէսճեանը ճանաչվեց «Տարվա մեկենաս 2010»` ըստ Luxury ամսագրի անցկացված հարցման:
Գաֆէսճեան արվեստի կենտրոնի գործադիր տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Վահագն Մարաբյանը ստացավ մրցանակը պարոն Գաֆէսճեանի փոխարեն և դիմեց ներկաներին հետևյալ խոսքով.
«Ինձ համար պատիվ է պարոն Գաֆէսճեանի անունից ստանալ «Տարվա մեկենաս 2010» մրցանակը:
Ես ցանկանում եմ առանձնահատուկ շնորհակալություն հայտնել Luxury ամսագրին` մշակույթի նկատմամբ իր շարունակական հետաքրքրության և Հայաստանը` որպես յուրաոճ և եզակի երկիր ներկայացնելու համար: Պարոն Գաֆէսճեանի տեսլականը Հայաստանի ապագայի վերաբերյալ հիմնվում է հինավուրց հողում նոր ժողովրդավարության ստեղծման վրա, ինչը հնարավոր կլինի իրականացնել միայն նման ակտիվ և գործունյա մարդկանց շնորհիվ:
Գաֆէսճեան արվեստի կենտրոնը փարոս է բոլոր նրանց համար, ովքեր պայքարում են իրենց հասարակությունն առաջ մղելու հարցում: Դա եզակի վայր է, որտեղ կարելի է վայելել հայկական և համաշխարհային արվեստի լավագույն նմուշները:
Շնորհակալություն»: