Ի հիշատակ Ջերարդ Լ. Գաֆէսճեանի
Ջերարդ Լևոն Գաֆէսճեանը բացառիկ անձնավորություն էր: Ծնված լինելով Նյու Յորքում 1925 թվականի ապրիլի 26-ին հայ գաղթականների ընտանիքում՝ նա մասնակցել է պատերազմի, փրկել է պատմական նշանակության կարուսել և հիմնադրել է հոյակապ արվեստի կենտրոն իր նախնիների հայրենիքում՝ Հայաստանում:
Ավարտելով Բրուքլինում տեղակայված Նյու Ուտրեխտ ավագ դպրոցը՝ Գաֆէսճեանը ծառայության է անցել ամերիկյան նավատորմում և մասնակցել է Երկրորդ համաշխարհային պատերազմին Խաղաղ Օվկիանոսում: Նա հանդիպել է Քլեո Թոմասին 1946 թվականին Նյու Յորքում: Նրանք երկուսն էլ համազգեստով էին. երիտասարդ Ջերարդ Գաֆէսճեանը՝ ծովայինի, իսկ Քլեոն՝ բուժքրոջ: Նրանք ամուսնացան 1947 թվականի հուլիսի 4-ին:
Գաֆէսճեանն ուսանել է Հանթեր քոլեջում և ապա Սուրբ Հովհաննես համալսարանի Իրավագիտական բարձրագույն դպրոցում: Որոշակի գործունեություն ծավալելուց հետո Նյու Յորքում՝ նա ընդգրկվել է Էդվարդ Ջ. Թոմփսոն իրավական հրատարաչական ընկերության խմբագրական անձնակազմում: 1960 թվականին Ջերարդ Գաֆէսճանը ըտանիքի հետ միասին տեղափոխվեց Մինեսոտա նահանգի Սենթ Փոլ քաղաքը, որտեղ նա սկսեց իր երկարամյա և վաստակավոր կարիերան Ուեսթ Փաբլիշինգ ընկերությունում:
Որպես Մարքեթինգի, գովազդի և իրավական հարցերով ավագ փոխնախագահ՝ նա իր ներդրումն է ունեցել ընկերության առաջխաղացման գործում նոր համակարգչային իրավական դաշտի պայմաններում: Լինելով մասնավոր ընկերության սեփականատերերից մեկը՝ Գաֆէսճեանը մեծ կարողության տեր դարձավ՝ վաճառելով այն 1996 թվականին Թոմփսոն Քորփորեյշն ընկերությանը:
1988 թվականին Ջերարդ Գաֆէսճեանը նվիրաբերեց մեկ միլիոն դոլար՝ կանխելու համար Մինեսոտայում մեծ մշակութային և պատմական արժեք ներկայացնող կարուսելի ապամոնտաժումն ու վաճառքը. այժմ այն կրում է մեծ բարերարի անունը: 2000 թվականին Գաֆէսճեանը հավելյալ միջոցներ հատկացրեց Կոմո պարտեզում կարուսելի համար հատուկ տարածք կառուցելու նպատակով, որտեղ այն յուրաքանչյուր տարի վայելում են հազարավոր մարդիկ:
Որպես նվիրված արվեստի կոլեկցիոներ՝ Գաֆէսճեանի մեծագույն ձեռքբերումներից եղավ Երևանում Գաֆէսճեան արվեստի կենտրոնի ստեղծումը: Տեղակայված լինելով Երևանի յուրօրինակ ճարտարապետական կառույցներից մեկի տարածքում՝ այս արվեստի կենտրոնը դարձավ եզակի հարթակ արվեստի տարբեր ուղղություններ ներկայացնելու համար: Այնտեղ այժմ ցուցադրվում են համաշխարհային նշանակության այնպիսի արվեստագետների աշխատանքներ, ինչպիսիք են Դեյլ Չիհուլին, Ստանիսլավ Լիբենսկին և Յարոսլավա Բրիխտովան, Ժաումե Պլենզան և այլոք: Արվեստի կենտրոնի քանդակների պարտեզում ներկայացված են Ֆերնանդո Բոտերոյի, Լին Չեդուիքի, Բարի Ֆլանագանի և այլ հայտնի արվեստագետների ստեղծագործություններ:
Լինելով «մարտիկ» ողջ իր կյանքի ընթացքում՝ Ջերարդ Գաֆէսճեանը ստացավ այնպիսի հարված, որից չկարողացավ ապաքինվել. 66 տարիների կյանքի ուղեկից Քլեո Գաֆէսճեանը մահացավ սույն թվականի մարտին: Վերջինս նրա համար կենսական նշանակություն ուներ, ինչպես իր սեփական սրտի զարկը և առանց Քլեոյի, կոտրված սրտով Ջերարդ Գաֆէսճեանը հեռացավ կյանքից 2013 թվականի սեպտեմբերի 15-ին:
Ջերարդ Գաֆէսճեանը իր կյանքի օրոք կորցրել է իր ծնողներին՝ Նորա Թաշչյանին և Լևոն Գաֆէսճեանին, որդուն՝ Ջերարդ Գաֆէսճեան կրտսերին, և սիրելի տիկնոջը՝ Քլեո Գաֆէսճեանին: Նա միշտ կմնա իր հարազատների վառ հիշողություններում. քրոջ՝ Մերի Դոբսի, դստեր՝ Քեթլին Բարադարանի (ամուսին՝ Ջեֆ Բարադարան), որդու՝ Թոմաս Գաֆէսճեանի, թոռան Քերի Մարթինսոնի (ամուսին՝ Բեն Ջոնս) և երեք ծոռների՝ Սեմի, Էլիի և Ջեքի:
Հոգեհանգստի և հուղարկավորության հատուկ միջոցառում չի նախատեսվում: Ծաղիկների փոխարեն նվիրատվություն կարելի է կատարել հետևյալ հասցեով՝ Cafesjian Museum Foundation, Inc. 15 South 5th Street Suite 900 Minneapolis MN 55402.