Գաֆէսճեան արվեստի կենտրոնը ներկայացնում է նոր քանդակ Ջերարդ Լ. Գաֆէսճեան հավաքածուից
Գաֆէսճեան արվեստի կենտրոնի (ԳԱԿ) բացօթյա «Սասունցի Դավիթե պարտեզի հարթակում տեղադրվել է նոր քանդակ` կորեացի արվեստագետ Ջի Յոնգ Հոյի հեղինակած «Առյուծ 2» (2008թ.) աշխատանքը:
Այս քանդակն ընդլայնում է Գաֆէսճեան քանդակների պարտեզում և Գաֆէսճեան արվեստի կենտրոնում ցուցադրված մոնումենտալ քանդակների տպավորիչ ընտրանին: Այստեղ արդեն իսկ ներկայացված են համաշխարհային համբավ ունեցող այնպիսի արվեստագետներ, ինչպիսիք են Ֆերնանդո Բոտերոն, Ժաումե Պլենզան, Բարրի Ֆլանագանը, Լին Չեդվիքը և Դեյվիդ Բրոյեր-Վեյլը:
Կորեացի արվեստագետ Ջի Յոնգ Հոն, համակցելով տարբեր անվադողեր, ստեղծում է կենդանիների արտասովոր քանդակներ: «Առյուծ 2» քանդակում նա օգտագործել է չժանգոտվող պողպատից հիմք՝ արտահայտելու չորսոտանի կենդանու դինամիկ կերպարը: Առյուծի վերջույթները մշակված են մոտոցիկլետի անվադողերի կտորներից, իսկ «մորթին»՝ շրջված անվադողերից: Անվադողն այն նյութն է, որով արվեստագետը լավագույնս արտահայտում է իր ստեղծագործական մտքերը: Սև անվադողերը հիշեցնում են արդյունաբերության և վերջինիս առաջացրած վտանգների մասին՝ թափոններ և շրջակա միջավայրի աղտոտում: Ջի Յոնգ Հոն հիմնականում ստեղծում է մուտանտ կենդանիների քանդակներ՝ իր աշխատանքներում շեշտադրելով արհեստածին գործոնների հետևանքով առաջացած ձևախեղումը: Ջի Յոնգ Հոյի աշխատանքներն արտաքնապես սարսափազդու են և ուժեղ, թեև իրականում նրանք փխրուն և անկայուն են:
Ջի Յոնգ Հոնի աշխատանքն ինքնին շրջակա միջավայրի ոչնչացման սպառնանքի ուղերձ է, մարդու կողմից՝ իրեն իսկ վտանգելու խորհրդանիշ: