22 ապր 2022 - 19 հնս 2022

Թերեզա Միրզոյան 100

Թերեզա Միրզոյանը (1922-2016) 20-րդ դարի հայ քանդակագործության մեջ կարևոր ավանդ ունեցած ականավոր արվեստագետներից է, ում անունը, ցավոք հանրային լայն շրջանակներին հայտնի չէ։ Այդուհանդերձ, նա ոչ միայն թողել է հարուստ գեղարվեստական ժառանգություն, այլև անգնահատելի ազդեցություն է ունեցել հայկական քանդակագործության զարգացման վրա՝ լինելով Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիայի առաջին դասախոսներից մեկը և աշխատելով հայկական արվեստային գլխավոր կրթական հաստատությունում շուրջ վաթսուն տարի։

Գաֆէսճեան արվեստի կենտրոնը ներկայացնում է արվեստագետի 100-ամյա հոբելյանին նվիրված հետահայաց ցուցադրությունը։ Ամփոփելով Թերեզա Միրզոյանի ուղին՝ այս ցուցադրությունը հնարավորություն է տալիս բացահայտելու քանդակագործի թե՛ գեղագիտական մոտեցման, թե՛ պլաստիկական լեզվի, թե՛ տարբեր տեխնիկաների ու նյութերի կիրառման, և  թե՛ թեմատիկ դիապազոնի բազմաթիվ շերտեր։ 

Թերեզա Միրզոյանը եղել է 20-րդ դարի եզակի կին քանդակագործներից մեկը Հայաստանում, և այդ տեսանկյունից նրա ստեղծագործության ներկայացնումն ու բացահայտումն առավել արդիական է այսօր։ Բացի այդ, նա այն քիչ կին արվեստագետներից էր Խորհրդային Միությունում, որ աշխատել է մոնումենտալ քանդակագործության բնագավառում ևս։ Որքան էլ ժամանակավրեպ հնչի այդ միտքը 21-րդ դարում, բայց ակնհայտ փաստ է, որ հատկապես քանդակագործության ասպարեզում տղամարդ արվեստագետները մշտապես գերակայել են․ սա ունի իր և՛ օբյեկտիվ, և՛ սուբյեկտիվ պատճառները։ Այս տեսանկյունից կին քանդակագործի ներկայացնումն էլ ավելի է կարևորվում։

«Թերեզա Միրզոյան 100» հետահայաց ցուցադրությամբ Գաֆէսճեան արվեստի կենտրոնը կատարում է իր առաքելությունը հայ մշակույթի լավագույնը ներկայացնելու տեսանկյունից։ Այս իմաստով նաև հատկանշական է, որ այս աանհատական ցուցադրությունը առաջինն է Կենտոնի գործունեության մեջ, որ անդրադառնում է կին արվեստագետի ժառանգությանը։ Սա առաջինն է նման ցուցադրությունների շարքում, որոնք պարբերաբար կբացահայտեն հայ արվեստի լուսանցքներում մնացած կին արվեստագետներին։

ՄՇՏԱԿԱՆ ՑՈՒՑԱԴՐՈՒԹՅՈՒՆ
«Սասունցի Դավիթ» Որմնաքանդակ
«Սասունցի Դավիթ» Որմնաքանդակ
Արտաքին հարթակներ
Արտաքին հարթակներ
Շարժասանդուղքների սրահ
Շարժասանդուղքների սրահ
Գաֆէսճեան քանդակների պարտեզ
Գաֆէսճեան քանդակների պարտեզ
Կոլեկցիոների ներաշխարհում
Կոլեկցիոների ներաշխարհում