Պարույր Դավթյան. Դավթյան Պարույր
«Պարույր Դավթյան. Դավթյան Պարույր» ցուցադրությունը ամբողջությամբ կազմված է հղումներով հարուստ ստեղծագործություններից։
«Պարույր Դավթյան․ Դավթյան Պարույր» ցուցադրությունը կառուցված է մի քանի առանցքների շուրջ՝ նպատակ ունենալով բացահայտելու ոչ միայն հայկական արվեստային իրականության մեջ անհայտ կարևոր հայազգի արվեստագետի, այլև ներկայացնելու հայկական իրականության մեջ գրեթե անհայտ Մոսկովյան կոնցեպտուալիզմը՝ այդ ուղղության ուշ ճյուղավորման վառ ներկայացուցչի` Հայաստանում առաջին անհատական ցուցադրության միջոցով։
Պարույր Դավթյանը հայտնվել է ռուսական մայրաքաղաքի արվեստային դաշտում Մոսկովյան կոնցեպտուալիզմի արդեն հետխորհրդային նոր ճյուղավորման հունում, որը կապվում էր օրիգինալ ուղղության անալիտիկ շերտի հետ` միանգամայն այլ, նոր դիսկուրսում։ 90-ականների վերջում ու 2000-անների խաչմերուկում խմորված կոնցեպտուալիստները պոստմոդեռնիստական, անգամ մետամոդեռնիստական լիցքեր են հաղորդում այդ վիզուալ լեզվին՝ բուն կոնցեպտուալիզմը ևս դարձնելով մետակոնցեպտուալ։
«Պարույր Դավթյան. Դավթյան Պարույր» ցուցադրությունը ամբողջությամբ կազմված է հղումներով հարուստ ստեղծագործություններից՝ ծնունդ առած լոկալ մոսկովյան, ինչպես նաև համաշխարհային արվեստի պատմության հայտնի և անհայտ էջերի հորձանուտներում։
Կազմաքանդելով անցյալի արվեստի գործերը՝ Պարույր Դավթյանը դրանց տարրերով ստեղծում է նոր աշխատանքներ։ Ընդհանրապես, հաստատված կանոնների շերտավորումն ու վերադասավորումը արվեստագետի գլխավոր արվեստային մեթոդն է։
Պարույր Դավթյանը (ծնվ. 1976 թ. Լենինականում, այժմ` Գյումրի) մոսկվաբնակ մուլտիդիսցիպլինար արվեստագետ է, ով աշխատում է գեղանկարչության, քանդակագործության, պերֆորմանսի և կոնցեպտուալ ինստալյացիաների ձևաչափով: Ավարտել է Մոսկվայի ժամանակակից արվեստի ինստիտուտը 2010 թվականին և սերտորեն կապված է Մոսկովյան կոնցեպտուալիզմի վերլուծական ճյուղի հետ: Դավթյանը մի քանի նկարչական խմբերի անդամ է, այդ թվում՝ «Էդելվեյս», «Ցար Գորի» և «Կուպիդոն Արտել», որոնք հայտնի են իրենց համագործակցային ինստալյացիաներով, պերֆորմանսներով և խորհրդային մշակութային ժառանգության քննադատական վերլուծությամբ: Նրա անհատական ցուցահանդեսների թվում են «Սպորներ» ցուցահանդեսը ILONA-K ցուցասրահում (2021), «Հրաշալի լճակի հայտնությունը» Մուլտիմեդիա արվեստի թանգարանում (2021) և «Ինտերիերի քարերի այգի» ցուցահանդեսը Շչուսևի անվան ճարտարապետության պետական թանգարանում (2019): Նրա ստեղծագործությունները նաև ցուցադրությունների մաս են կազմել այնպիսի ինստիտուցիաներում, ինչպիսիք են՝ Ժամանակակից արվեստի «Գարաժ» թանգարանը, MMOMA-ն և Պուշկինի անվան կերպարվեստի թանգարանը, ինչպես նաև մասնակցել է «Cosmoscow» և այլ խոշոր արվեստի տոնավաճառներին: Նրա աշխատանքները հիմնված են խորհրդային պատկերագրության, արևմտյան արվեստի պատմության և փիլիսոփայական պարադոքսների վրա՝ հաճախ միաձուլելով նոր դիցաբանությունը, տեքստը և
գեղագիտական դիսկուրսները՝ ստեղծելով միջավայրեր, որ նա անվանում է «այգիներ»։