ՀԱՆԴԻՊՈՒՄ ԱՐՎԵՍՏԻ ՀԵՏ. «Պարույր Դավթյան․ Դավթյան Պարույր» պատկերագրքի շնորհանդես

  • Ամսաթիվ 10 հկտ 2025

Հոկտեմբերի 10-ին Գաֆէսճեան արվեստի կենտրոնը ներկայացնում է «Հանդիպում արվեստի հետ» շարքի հերթական միջոցառումը, որի շրջանակում կկայանա «Պարույր Դավթյան. Դավթյան Պարույր» ցուցադրության պատկերագրքի շնորհանդեսը։

Միջոցառման առաջին մասում այցելուները կծանոթանան ցուցադրությանը Կենտրոնի «Արծիվ» սրահում, որից հետո Հատուկ միջոցառումների սրահում կկայանա պատկերագրքի շնորհանդեսը։

Միջոցառմանը ներկա է գտնվելու նաև արվեստագետ Պարույր Դավթյանը, ում ներկաները հարցեր տալու հնարավորություն կունենան։

Միջոցառումը կմեկնարկի 18։30-ին «Արծիվ» սրահում և կշարունակվի 19։00-ին Հատուկ միջոցառումների սրահում։ Մուտքն ազատ է։

Սա նաև ցուցադրությունը տեսնելու վերջին հնարավորություններից է, քանի որ այն գործում է մինչև հոկտեմբերի 12-ը։

«Պարույր Դավթյան․ Դավթյան Պարույր» ցուցադրությունը կառուցված է մի քանի առանցքների շուրջ՝ նպատակ ունենալով բացահայտելու ոչ միայն հայկական արվեստային իրականության մեջ անհայտ կարևոր հայազգի արվեստագետի, այլև ներկայացնելու հայկական իրականության մեջ գրեթե անհայտ Մոսկովյան կոնցեպտուալիզմը՝ այդ ուղղության ուշ ճյուղավորման վառ ներկայացուցչի` Հայաստանում առաջին անհատական ցուցադրության միջոցով:

Կազմաքանդելով անցյալի արվեստի գործերը՝ Պարույր Դավթյանը դրանց տարրերով ստեղծում է նոր աշխատանքներ։ Ընդհանրապես, հաստատված կանոնների շերտավորումն ու վերադասավորումը արվեստագետի գլխավոր արվեստային մեթոդն է։

 

Դիտել միջոցառման լուսանկարները և տեսանյութը