«Սինեսթեզիա․ բազմազգայական փորձառություն» ինտերակտիվ ցուցադրություն
Ի՞նչ գույն ունի լռությունը։
Ինչպե՞ս է հնչում մանուշակագույնը։
Հնարավո՞ր է շոշափելով պատկերացնել երաժշտությունը, իսկ հոտով՝ պատկերը։
Գաֆէսճեան պատանեկան խորհրդի 19 անդամների կողմից նախաձեռնված այս նոր նախագիծը ուսումնասիրում է զգայարանների հատման կետերը՝ ստեղծելով մի միջավայր, որտեղ իրականությունն այլևս չի ընկալվում միայն մեկ ճանապարհով։
Սինեսթեզիան եզակի նեյրոհոգեբանական երևույթ է, որի դեպքում մեկ զգայական օրգանի խթանումը առաջացնում է ավտոմատ զգացողություններ մյուսում (զգայությունների խառնուրդ)։ Սա ընկալման առանձնահատկություն է, որի դեպքում մարդը երաժշտություն լսելիս կարող է տեսնել որոշակի գույներ կամ ձևեր, տառերն ու թվերը ընկալել տարբեր գույներով, իսկ որոշ բառեր՝ կապել համերի, հոտերի կամ անձանց հետ։
Ցուցադրությունը ներառում է տարբեր մեդիաներով արված աշխատանքներ ՝ վիդեո, ինստալացիա, գրաֆիկա, քանդակ, ինտերակտիվ աշխատանքներ, որոնք առաջարկում են զգալ ոչ միայն ներկայությունը, այլև բացակայությունը՝ լռությունը, մթությունը, անտեսանելին։
Ստեղծագործությունները միավորում են ձայնը, գույնը, ձևը, նյութը, հոտն ու հիշողությունը՝ վերածելով դրանք անձնական և բազմազգայական փորձառության։ Այս տարածքում դիտողը դառնում է մասնակից, նա լսում է առանց տեսնելու, տեսնում է առանց լսելու, շոշափում է և պատկերացնում։
Պատանեկան խորհրդի տասնինը անդամների կողմից նախաձեռնված «Սինեսթեզիա․ բազմազգայական փորձառություն» նախագիծը հրավիրում է վերանայելու մեր սովորական ընկալումը և բացելու այն նուրբ սահմանները, որտեղ սկսվում է աշխատել զգացողության այլ լեզուն։