ԱՐՎԵՍՏԱՆՈՑ
Գաֆէսճեան պատանեկան խորուրդի ԱՐՎԵՍՏԱՆՈՑ նախագիծ
Ի՞նչ է արվեստանոցը. փակ ներանձնային տարա՞ծք, որը պատկանում է միայն արվեստագետին, թե՞ «գործարան», որտեղ բյուրեղանում են ժամանակի միտքը և նյութը:
«Արվեստանոց» լուսանկարչական նախագիծը ներկայացնում էր ինը ֆոտոպատում տաս հայ ժամանակակից նկարիչների և նրանց արվեստանոցների մասին՝ բացահայտելով արվեստագետների «սրբազան տարածքը» Գաֆէսճեան պատանեկան խորհրդի անդամների աչքերով: Պատանի լուսանկարիչների տեսախցիկը վավերագրել է ճանաչված արվեստագետների անհայտ արվեստանոցային տարածքները՝ հրավիրելով դիտողին բացահայտելու ներկայացված արվեստագետների ստեղծագործական միջավայրի բազմազանությունը և պարզ հարաբերություններն այդ միջավայրի հետ:
«Արվեստանոց» նախագիծը մեկնարկեց 2017 թվականի օգոստոսին վավերագրական լուսանկարչության դասընթացով, որի շրջանակներում 4Պլյուս վավերագրական լուսանկարչության կենտրոնում պատանեկան խորհրդի տաս անդամները մասնակցել են Նազիկ Արմենակյանի պարապմունքներին, ծանոթացել լուսանկարչության պատմությանը, ձեռք բերել տեսական և գործնական գիտելիքներ, որին հաջորդել են արվեստանոցային այցերը և հանդիպումներն արվեստագետների հետ:
Նախագծի մեջ ներգրավված արվեստագետներն էին քանդակագործ Սահակ Պողոսյանը, նկարիչներ Ռոբերտ Էլիբեկյանը, Խաչատուր Մարտիրոսյանը, Մարինա Դիլանյանը, Նանա Արամյանը, Արման Գրիգորյանը, Սարգիս Համալբաշյանը, Մերի Մունը, Արևիկ Արևշատյանը և Ռուբեն Գրիգորյանը, ում արվեստանոցների շուրջ պատանիները ստեղծել են իրենց ֆոտոպատումները:
Ներգրավելով պատանիներին և արվեստագետներին ստեղծագործական երկխոսության մեջ՝ «Արվեստանոց» նախագիծը դարձավ միջսերնդային ճանաչողության և համագործակցության ինքնատիպ հարթակ, որի արդյունք հանդիսացող ֆոտոպատումներն արտացոլում են այդ հարաբերությունների անմիջականությունն ու հուզական փորձառությունը:
«Արվեստանոց» ցուցադրությունը ներկայացված էր Կենտրոնի Շարժասանդուղքների սրահում՝ «Խանջյան պարտեզի», «Խանջյան» և «Սասունցի Դավիթ պարտեզի» հարթակներում:
Ծրագրի հովանավորն էր Beeline ընկերությունը: