Երեսուն աստիճան դեպի 3-րդ Հարկ
1986 թվականի երիտասարդական համամիութենական ցուցահանդեսի քննարկումների և հնչած քննադատությունների արդյունքում մի խումբ այլախոհ արվեստագետներ, ում ստեղծագործական մոտեցումները և գաղափարները մերժվում էին խորհրդային ապարատի կողմից, հնարավորություն ստացան ցուցադրություն կազմակերպելու Նկարիչների միությունում: 1987 թվականի ապրիլի 10-ին Նկարիչների միության 3-րդ հարկի գիտաժողովների սրահում բացված ցուցադրությունը, որի հիմնական կորիզը կազմեցին դեռևս 70-ականների վերջերից և 80-ականների սկզբներից Հայաստանում ձևավորված ընդհատակյա ավանգարդիստական տարբեր խմբավորումները և անհատ արվեստագետները, վերաճելու էր արվեստային մի շարժման, որը որոշիչ դերակատարում էր ստանձնելու Հայաստանի ժամանակակից արվեստի հետագա զարգացման և նոր պրակտիկաների հաստատման համար:
Ցուցադրության անվանումը հղում էր ցուցադրության վայրին` Նկարիչների միության 3-րդ հարկին, և հետագայում էլ շարժումը հանդես էր գալու այդ անվան ներքո` «3-րդ Հարկ»:
1987 թվականի առաջին ցուցադրությունը, որը տևեց վեց օր, ուղեկցվեց ժամանակի ավանգարդ երաժշտության և գրականության, կինոյի և կերպարվեստի ներկայացուցիչների հետ հանդիպումներով և արվեստի շուրջ բուռն քննարկումներով: Ցուցադրության հաջողությունը և բուռն արձագանքները մասնակից շատ արվեստագետների համար ճանապարհ բացեցին Նկարիչների միության ինստիտուցիոնալ տիրույթ` նպաստելով խմբի հետագա ազատ գործունեության ծավալմանը և հանրային ներկայացուցչականությանը:
Ցուցահանդեսային ակտիվ գործունեությանը զուգահեռ «3-րդ Հարկ»-ի ինքնարտահայտման կարևորագույն դրսևորումներից էին պարբերաբար հրապարակվող մանիֆեստները, որոնք ձևակերպում էին խմբավորման հիմնական գաղափարախոսությունը և այն չափանիշները, որոնց հիման վրա կայանում էր նրանց արվեստը:
Շարժումը ներկայացնող արվեստագետների հետահայաց բնորոշմամբ` «3-րդ Հարկ»-ը դարձավ «թարմ շնչառության» մի տարածք, որը Հայաստանում վերաձևակերպեց արվեստում ազատության չափանիշները և այդ չափանիշները սահմանող անհատների ստեղծագործական հնարավորությունները:
«Երեսուն աստիճան դեպի 3-րդ Հարկ» ցուցադրությունը կազմակերպվել է Գաֆէսճեան արվեստի կենտրոնի Պատանեկան խորհրդի նախագծի շրջանակներում` նպատակ ունենալով հետահայաց ներկայացնել խմբի գործունեության վավերագրությունը արխիվային լուսանկարների և տեսանյութերի, ինչպես նաև մանիֆեստների միջոցով, միաժամանակ հաղորդակցության հարթակ ստեղծել «3-րդ Հարկ» խմբի արվեստագետների և ներգրավված պատանիների միջև:
Նախագծի շրջանակներում նկարահանվել է տեսանյութ խմբի արվեստագետների մասնակցությամբ, ովքեր երեսուն տարիների հեռավորությունից վերաներկայացնում են խմբի ստեղծման ե կայացման նախադրյալները, հիմնական ձեռքբերումները:
Ցուցադրությունը նաև ներառում է Գաֆէսճեան պատանեկան խորհրդի անդամների մանիֆեստը, ում համար ոգեշնչման աղբուր են հանդիսացել «3-րդ Հարկ»-ի գործունեությունը և արվեստագետների հետ հանդիպումները:
Եվ քանի որ «3-րդ Հարկ» շարժումը բաց էր արվեստային բոլոր դրսևորումների համար, «Երեսուն աստիճան դեպի 3-րդ Հարկ» ցուցադրության շրջանակներում այցելուներն ազատ են արվեստի մասին իրենց սահմանումները թողնելու ցուցասրահում տեղադրված համապատասխան պաստառի վրա: