ՀԱՆԴԻՊՈՒՄ ԱՐՎԵՍՏԻ ՀԵՏ. ԳԱԿ կրթական ծրագրերը 2009-2018. ամփոփում
- Ամսաթիվ 21 հնս 2019
«Հանդիպում արվեստի հետ» շարքի հերթական միջոցառումը կմեկնարկի Գաֆէսճեան արվեստի կենտրոնի (ԳԱԿ) «Սասունցի Դավիթ» պարտեզի սրահում հունիսի 21-ին՝ ժամը 18:30-ին: Այցելուներին նախ հնարավորություն կընձեռվի դիտել «ԳԱԿ կրթական ծրագրերը 2009-2018. ամփոփում» ցուցադրությունը, որի շրջանակում ներկայացված է Գաֆէսճեան արվեստի կենտրոնի կրթական ծրագրերի արդյունքում ստեղծված նմուշների ընտրանին: Դիտմանը կհաջորդի Կենտրոնի կրթության գծով տնօրեն Ելիզավետա Շիրինյանի դասախոսությունը Հատուկ միջոցառումների սրահում, որի ընթացքում անդրադարձ կկատարվի Կենտրոնի տասնամյա գործունեության ընթացքում իրականացված բազմաթիվ և բազմաբովանդակ կրթական ծրագրերին:
Կենտրոնն իր հիմնադրումից ի վեր կարևորել է թանգարանի կրթադաստիարակչական գործառույթը և մինչ օրս իրականացրել տարբեր տարիքային խմբերի համար նախատեսված մոտ 50 կրթական ծրագիր ու նախաձեռնություն՝ ներգրավելով ինչպես երևանյան, այնպես էլ մարզային դպրոցների սաներին: ԳԱԿ կրթական ծրագրերի մասնակիցների ընդհանուր թիվը գերազանցում է 42,000-ը:
2017 թվականից ԳԱԿ-ում ակտիվ գործունեություն է ծավալում Գաֆէսճեան պատանեկան խորհուրդը, որի նախաձեռնած ցուցադրությունների և նախագծերի շնորհիվ Կենտրոնը դարձել է սիրելի վայր բազում դեռահասների համար:
Դիտել միջոցառման լուսանկարները և տեսանյութը