ԳԱՐՆԱՆԱՅԻՆ ԴԱՍԱԽՈՍՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՇԱՐՔ. «Քաղաք. կերպար և կոնտեքստ»
- Ամսաթիվ 10 մյս 2018
Գաֆէսճեան արվեստի կենտրոնի (ԳԱԿ) այս տարվա «Գարնանային դասախոսություններ» նախագիծը ներկայացնում է «Քաղաք. կերպար և կոնտեքստ» դասախոսությունների շարքը, որն անդրադարձ է Երևանի ճարտարապետությանը, մոնումենտալ քանդակին և հասարակա-քաղաքական գործընթացներին:
Դասախոսությունները կվարի արվեստի քննադատ և համադրող Ռուբեն Արևշատյանը:
Ժամ՝ 18:30
Վայր՝ ԳԱԿ-ի Հատուկ միջոցառումների սրահ
Մայիսի 10
«Երևանի ճարտարապետական արդիության երեք մոդալությունները»
20-րդ դարի Երևանի ճարտարապետական կերպարի ձևավորման պատմությունը իրենից ներկայացնում է հակասական էսթետիկ, ինչպես նաև, ավելի լայն առումով՝ աշխարհահայացային տեսլականների մարտավայր։ Ճարտարապետական այդ տեսլականները թե՛ ածանցյալն էին տարբեր հասարակական, քաղաքական, տնտեսական և մշակութային համատեքստերի, թե՛ այդ նույն համատեքստերը գեներացնող գլխավոր գործոնն էին։ Դասախոսությունը կփորձի վերլուծել այդ տեսլականների միջև եղած հակասությունները և նրանց շարունակական ազդեցությունը ներկայիս ճարտարապետական զարգացումների վրա։
Մայիսի 18
«Երևանի վերացող արդի ճարտարապետական շերտը»
Երևանը՝ 20-րդ դարի սկզբում, խզելով իր կապը գոյություն ունեցող պատմական քաղաքային միջավայրի հետ, զարգացավ որպես մի նոր, արդի նախագիծ իրենից ներկայացնող քաղաք։ Սակայն այսօր մենք ականատեսն ենք արդի ժամանակաշրջանում ձևավորված, քաղաքի ճարտարապետական շերտի ոչնչացմանը, որը՝ որքան էլ պարադոքսալ չհնչի, տեղի է ունենում նույն «արդիականացման» պատրվակով։
Մայիսի 24
«Մոնումենտալ քանդակը և հասարակա-քաղաքական գործընթացները»
Մոնումենտալ քանդակի քաղաքային միջավայրում հայտնվելը, ինչպես նաև անհետանալը ուղղիղ կապված է հասարակական և քաղաքական համատեքստերի հետ։ Դասախոսությունը անդրադառնալու է Երևանի մի քանի քանդակների պատմությանը՝ վերլուծելով նրանց հայտնվելու և անհետանալու նախադրյալները։
Մուտքն ազատ է: