Կարդինալ Ջանֆրանկո Ռավազին այցելեց Գաֆէսճեան արվեստի կենտրոն
Վատիկանի մշակույթի քահանայապետական խորհրդի նախագահ, կարդինալ Ջանֆրանկո Ռավազին և նրա գլխավորած պատվիրակությունը, այդ թվում Հարավային Կովկասում առաքելական նունցիո, արքեպիսկոպոս Մարեկ Սոլժինսկին, Ռանչիի եպիսկոպոսաց օգնական, եպիսկոպոս Թեոդոր Մասկարենհասը, ինչպես նաև Հայաստանի մշակույթի փոխնախարար Արև Սամուելյանն ու իտալաբնակ հայ կուրատոր Վարդան Կարապետյանը այցելեցին Գաֆէսճեան արվեստի կենտրոն (ԳԱԿ) 2014 թվականի հոկտեմբերի 27-ին:
ԳԱԿ գործադիր տնօրենի պաշտոնակատար Վահագն Մարաբյանի ուղեկցությամբ Կարդինալ Ռավազին և իր պատվիրակությունը այցելեցին «Քոչար. մարտահրավեր Ժամանակին», «Լիբեսնկի Բրիխտովա. լույս տարածության միջով» ցուցադրությունները, ինչպես նաև ծանոթացան Գրիգոր Խանջյանի հայտնի որմնանկարին: Տպավորված Կենտրոնով և ներկայացված ցուցադրություններով կարդինալ Ռավազին նշեց. «Անցյալ անգամ Հայաստանից վերադառնալուց հետո ծանոթներիս խորհուրդ էի տալիս գալ Հայաստան՝ հատկապես երկրի պատմամշակութային արժեքները տեսնելու համար, բայց այժմ տեսնում եմ, որ ժամանակակից մշակույթն էլ հիասքանչ դրսևորումներ ունի այստեղ և անպայման պետք է հորդորեմ շրջապատիս, որ գան Հայաստան նաև այսօրվա մշակույթը տեսնելու համար»:
Այցելության վերջում կարդինալ Ռավազին իր տպավորություններով կիսվեց Գաֆէսճեան արվեստի կենտրոնի Այցելուների գրքում. «Հագեցած այցելություն՝ մեծ տպավորություններով»: