Քեթլին Գաֆէսճեան Բարադարանն և իր ամուսնու՝ Ջեֆ Բարադարանի այցը Վենետիկի արվեստի 60-րդ բիենալեում Հայաստանի ազգային տաղավար
Սեպտեմբերի 12-ին «Գաֆէսճեան Ընտանիք» հիմնադրամի նախագահ և «Գաֆէսճեան Թանգարան» հիմնադրամի Հոգաբարձուների խորհրդի նախագահ Քեթլին Գաֆէսճեան Բարադարանն իր ամուսին Ջեֆ Բարադարանի հետ միասին այցելեցին Վենետիկի արվեստի 60-րդ բիենալեում Հայաստանի ազգային տաղավար։ Նրանք ծանոթացան փարիզաբնակ արվեստագետ Նինա Խեմչյանի «Արձագանք» նախագծին։ Պատվավոր հյուրերին ցուցադրությունը ներկայացրեցին տաղավարի համադրող, Գաֆէսճեան արվեստի կենտրոնի (ԳԱԿ) ցուցադրությունների գծով տնօրեն Արմեն Եսայանցը, արվեստագետ Նինա Խեմչյանը և ԳԱԿ կրթության գծով տնօրեն Ելիզավետա Շիրինյանը։
Գաֆէսճեան ընտանիքի ներկայացուցիչները խորապես տպավորված էին «Արձագանք» ցուցադրությամբ, որտեղ հմտորեն հյուսված են հիշողությունը, ժառանգությունն ու ժամանակակից թեմաները։ Նրանք բարձր գնահատեցին նախագծի ակունքներում առկա անձնական նարատիվներն ու շոյված էին այցելուների գրքում զետեղված ոգևորիչ մեկնաբանություններից։ Նրանք արձանագրեցին, որ ցուցադրությունը ոչ միայն արտացոլում է հայկական մշակույթը, այլև յուրահատուկ կապ է ստեղծում միջազգային լսարանի հետ։
Տեր և տիկին Բարադարանները հատկապես տպավորված էին Ազգային տաղավարի տարածքով Մագազինո դել Սալե 3-ում, որը, ինչպես իրենք նշեցին, կարծես ստեղծված լինի «Արձագանքի»-ի համար․ այն կատարելապես ամբողջացնում է ցուցադրության իմերսիվ փորձառությունը՝ դարձնելով այն խորապես մտածված և ներդաշնակ։ Նրանց կարծիքով ցուցադրությունը հայկական մշակութային ինքնությունից անդին է և արտացոլում է այնպիսի համամարդակային սկզբունքներ, ինչպիսիք են մեղքը, ապաշխարհությունը և հավերժությունը։
Որպես Հայաստանի ազգային տաղավարի գլխավոր հովանավորներ՝ Գաֆէսճեան ընտանիքի ներկայացուցիչները իրենց շնորհակալությունը հայտնեցին Տաղավարի կազմակերպչական թիմին՝ գնահատելով նրանց նվիրվածությունը հայ արվեստը նման հեղինակավոր միջազգային հարթակում ներկայացնելու գործում։
Տիկին Բարադարանը այցելուների գրքում նշեց․ «Մեզ համար պատիվ է աջակցել այս ցուցադրության կայացմանը։ Շնորհակալություն բոլոր նրանց, ովքեր տքնաջան աշխատեցին այս ամենը իրականություն դարձնելու համար․․․»։
Ապրիլի 20-ի պաշտոնական բացումից ի վեր Նինա Խեմչյանի «Արձագանք» ցուցադրությունը Հայաստանի ազգային տաղավարում ունեցել է ավելի քան 23,000 այցելու։ Այն հասանելի կլինի հանրությանը Մագազինո դել Սալե 3-ում մինչև Վենետիկի արվեստի բիենալեի փակումը՝ 2024 թվականի նոյեմբերի 24-ին։