Գաֆէսճեան արվեստի կենտրոնում բացվում է նոր Ինտերակտիվ ուսումնական կենտրոն
Գաֆէսճեան արվեստի կենտրոնը հայտարարում է Ինտերակտիվ ուսումնական կենտրոնի բացումը. ընթերցարան-գրադարան, որտեղ զետեղված են արվեստի վերաբերյալ գրքեր և պատկերագրքեր, ինչպես նաև հասանելի են աշխարհի խոշոր թանգարանների և արվեստի հաստատությունների թվայնացված հավաքածուների և տվյալների բազաների առցանց շտեմարանները:
Ինտերակտիվ ուսումնական կենտրոնը ներկայացնում է մոդեռն և ժամանակակից արվեստին առնչվող եզակի գրքերի ընտրանի Ջերարդ Լ. Գաֆէսճեան հավաքածուից, ինչպես նաև հայ արվեստին և արվեստագետներին վերաբերող ցուցահանդեսային պատկերագրքեր ու մենագրություններ ԳԱԿ-ի գրադարանից: Մոտավորապես 600 գիրք, ցուցահանդեսային կատալոգ և մենագրություն անվճար հասանելի կլինեն հետազոտողների, արվեստով զբաղվող ուսանողների և հանրության համար: Ինտերակտիվ ուսումնական կենտրոնում նաև գործում է հատուկ անկյուն ընտանիքների համար, որտեղ ծնողներին ու երեխաներին առաջարկվում են ստեղծագործական գրքեր և զարգացնող խաղալիքներ, որոնք կխթանեն երևակայությունը և սերը դեպի ընթերցանությունը: Ինտերակտիվ ուսումնական կենտրոնում նաև կանցկացվեն գրքերի շնորհանդեսներ և այլ մշակութային միջոցառումներ:
«Այս նոր նախաձեռնությամբ՝ Գաֆէսճեան արվեստի կենտրոնը ստեղծում է ուսումնասիրությունների այլընտրանքային տարածք ոլորտի մասնագետների և հանրության համար՝ առաջարկելով հարուստ գրականություն արվեստի և արվեստի պատմության վերաբերյալ: Այսուհետ մեր այցելուները կարող են առավել հետաքրքիր անցկացնել իրենց ժամանակը Կենտրոնում՝ վայելելով նաև ընթերցանության և ուսումնասիրության հնարավորությունները»,- նշեց Գաֆէսճեան արվեստի կենտրոնի գործադիր տնօրենի պաշտոնակատար Վահագն Մարաբյանը:
Ինտերակտիվ ուսումնական կենտրոնը բաց կլինի երեքշաբթի-հինգշաբթի օրերին ժամը 10:00-17:00, իսկ ուրբաթ-կիրակի՝ 10:00-20:00: