ԱՄՆ պետքարտուղարը շնորհակալություն է հայտնել Գաֆէսճեան արվեստի կենտրոնին
ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը նամակ է ուղղել Գաֆէսճեան արվեստի կենտրոնի գործադիր տնօրենի պաշտոնակատար Վահագն Մարաբյանին` իր շնորհակալությունը հայտնելով քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ հանդիպմանն աջակցելու համար:
«Կենտրոնը հիասքանչ վայր է և Հայաստան-ԱՄՆ համագործակցության հրաշալի խորհրդանիշ: Գաֆէսճեան քանդակների պարտեզ և Պատկերասրահ Մեկ կատարած շրջայցը իմ երևանյան այցելության ամենատպավորիչ պահերից էր», - ասված է Հիլարի Քլինթոնի նամակում:
ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը Գաֆէսճեան արվեստի կենտրոն այցելեց 2010 թվականի հուլիսի 5-ին: Նրա պատվին ցուցադրության դրվեց Սիդնի Հաթերի ապակե քանդակը: Նշենք, որ նույն արվեստագետի նմանատիպ քանդակը ձեռք էր բերվել Քլինթոնների կողմից 1993թ. Սպիտակ տան հավաքածուի համար: «Սպիտակ տան ծաղկաման» անունով հայտնի քանդակն այժմ Բիլ Քլինթոնի Նախագահական գրադարանում է:
Տիկին Քլինթոնն ուրախությամբ նկատեց Գաֆէսճեան հավաքածուին պատկանող Հաթերի գործը և պարոն Մարաբյանին հայտնեց իր հիացմունքը ցուցասրահի վերաբերյալ: Ըստ նրա, կենտրոնը պետք է հպարտ լինի իր նվաճումներով:
Սիդնի Հաթերի քանդակի ցուցադրումը Գաֆէսճեան արվեստի կենտրոնում շարունակվում է: Այցելուները կարող են տեսնել այն Պատկերասրահ Մեկում օգոստոս ամսվա ընթացքում:
Գաֆէսճեան քանդակների պարտեզում և Պատկերասրահ Մեկում շրջայց կատարելուց հետո տիկին Քլինտոնը հանդիպում ունեցավ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ Խանջյան սրահում: