Երևանյան կոլեկցիոներների ընտրությունը 2՝ Ռուբեն Անգալադյան. նամակներ ափսեի մեջ
«Երևանյան կոլեկցիոներների ընտրությունը 2՝ Ռուբեն Անգալադյան. նամակներ ափսեի մեջ» ցուցադրությունն ընդգրկում է գեղարվեստական նշանակության եզակի ափսեների ընտրանի Ռուբեն Անգալադյանի հարուստ հավաքածուից՝ ներկայացնելով վաթսունչորս արվեստագետի յոթանասունյոթ աշխատանք: Ցուցադրությունն արտացոլում է Ռուբեն Անգալադյան մտավորականի և կոլեկցիոների վառ անհատականությունը և արվեստային նախասիրությունները, ինչպես նաև մշակութային այն միջավայրը, որում իրենց յուրօրինակ գեղարվեստական արտահայտությունն են գտել ցուցադրված կիրառական արվեստի նմուշները:
Գրող, փիլիսոփա, մշակութաբան, էթնո-քաղաքագետ, կոլեկցիոներ Ռուբեն Անգալադյանն իր կյանքը լցրել է արվեստով: Նա ապրում է արվեստի մեջ բառիս բուն և փոխաբերական իմաստով: Տասնամյակների ընթացքում նրա հավաքածուում հայտնվել են հայ և համաշխարհային արվեստի եզակի նմուշներ, որոնցից յուրաքանչյուրը նրա անհատականության անբաժանելի մասն է կազմում: Ռուբեն Անգալադյանն այն կոլեկցիոներների թվին է պատկանում, ում հավաքածուն որևէ պատահական ստեղծագործությամբ չի համալրվում: Այս հանգամանքն առավել ցցուն արտահայտված է նրա ափսեների ընտրանու պարագայում: Շատ ազգերի, այդ թվում հայերի մոտ ընդունված է կոտրել ափսեները ի նշան հաջողության, իսկ Ռուբեն Անգալադյանն իր հաջողությունը գտել է ափսեներ հավաքելու մեջ:
Ընդհանրապես կենցաղային պարագաները դարեր ի վեր հատուկ գեղարվեստական ձևավորում են ունեցել՝ գունային, երկրաչափական, ֆիգուրատիվ (մարդիկ ու կենդանիներ) և այլն: Այս համատեքստում հատկապես ափսեն երբեք սովորական պարագա չի եղել. ամբողջ պատմության ընթացքում, հազարամյակներ շարունակ առանձնահատուկ վերաբերմունք է դրսևորվել այդ կլորավուն առարկայի նկատմամբ: Չնայած ափսեն այն տեսքով, որով մենք այն գիտենք այսօր, հայտնվել է համեմատաբար վերջերս՝ մի քանի հարյուր տարի առաջ, կավե կամ ճենապակե կլոր տարաները հնագույն ժամանակներից են հայտնի, և ունեին ոչ միայն կիրառական նշանակություն: Բավական է հիշել անտիկ հունական կիլիկները, պատերաները, ձկնային սկուտեղները, որոնց պատկերագրությունը որոշակի ժամանակաշրջանում երկրաչափական ոճից անցում կատարեց ֆիգուրատիվի. հիմնականում ներկայացվում են ինչպես առօրյան պատկերող դրվագներ, այնպես էլ՝ պատմական կարևոր իրադարձություններ կամ առասպելներ: Փաստորեն, կիրառական արվեստի նմուշները, այդ թվում՝ ափսեները, որոշակի պատմություն ամրագրելու, վավերացնելու և այն սերնդեսերունդ փոխանցելու միջոց էին նաև:
Իհարկե սկուտեղների նկարազարդման մեջ յուրաքանչյուր դարաշրջան իր ներդրումն է ունեցել: Վերածննդի շրջանում, օրինակ, տարածում ստացան տոնդոները (կլոր ֆորմայով քանդակներ ու նկարներ), ինչն ափսեի դեպքում հատկապես արտահայտվեց այսպես կոչված «ծննդկանի սկուտեղների» (desco da parto) ձևավորման մեջ, որոնց կարելի էր հանդիպել իտալական ընտանիքներից շատերում: Այս ափսեանման պարագաները, որ նախատեսված էին որպես խորհրդանշական նվեր նորածնի ընտանիքին, նկարազարդվել են Վերածննդի բազմաթիվ վարպետների կողմից, այդ թվում՝ Մազաչոյի, Բոտիչելիի և այլոց:
Շեղվելով այս պատմական էքսկուրսից՝ անդրադառնանք նկարազարդ ափսեների պարագայում առաջին պլան դուրս եկող մի շատ կարևոր հարցի՝ կլոր տարածության գեղարվեստական կառուցմանը: Այս ձևաչափը՝ տոնդոն, որպես ստեղծագործության շրջանակ, ուղղակիորեն ազդում է կոմպոզիցիոն լուծումների վրա: Ափսեները, որ հիմնականում կլոր են, այս նույն սկզբունքներին են ենթարկված: Կլոր կամ օվալ ֆորման թելադրում է՝ ինչպես կառուցել կոմպոզիցիան, ինչպես բաշխել ֆիգուրները, ստեղծել հեռանկարը, և արդյունքը բացարձակ այլ է մարդու աչքի համար առավել սովորական քառակուսի կամ ուղղանկյուն շրջանակի համեմատ: Լինում են դեպքեր, երբ կոմպոզիցիան բավական արհեստական կարող է լինել՝ անբնական ձևով հարմարեցվելով կլոր եզրագծին, ուստի ափսեի նկարազարդումը յուրահատուկ խնդիրների լուծում է պահանջում արվեստագետից այն հնարավորինս ներդաշնակ դարձնելու համար:
Վերը նշվածի համատեքստում պարզ է մի բան, որ չնայած ափսեների, սկուտեղների գեղարվեստական ձևավորման մշակույթի տարածմանն աշխարհով մեկ, հայ կերպարվեստի էջերում այս մշակույթը հազվագյուտ երևույթ է: Կոլեկցիոներ Ռուբեն Անգալադյանի ներդրումը հայ արվեստագետների շրջանում ափսեների նկարազարդման տարածման գործում անգնահատելի է: Շուրջ տասը տարի նա անձամբ հորդորում է իր արվեստագետ ընկերներին ստեղծագործելիս նաև ափսեներ օգտագործել. արվեստանմուշներից շատերի դեպքում դրանք արվել են անձամբ կոլեկցիոների համար` վերջինիս կողմից առաջարկված ափսեի վրա: Քանդակագործ Արա Շիրազի կերտած ափսեն կոչվում է ՙՆամակ Ռուբենին՚, որն արտացոլում է հավաքածուի գրեթե բոլոր ափսեների ընդհանուր գաղափարը. դրանք որոշակի պատմություն-նամակներ, բարեմաղթանքներ են կոլեկցիոներին, իսկ մենք հնարավորություն ունենք դրանց առնչվելու Գաֆէսճեան արվեստի կենտրոնի ՙԵրևանյան կոլեկցիոներների ընտրությունը՚ շարքի երկրորդ ցուցադրության շրջանակներում: Այս նախագծի շնորհիվ մասնավոր հավաքածուն կրկին բացվում է հանրության առջև, ինչպես ժամանակին Ջերարդ Լ. Գաֆէսճեան հավաքածուն հասանելի դարձավ բոլորին՝ վերջինիս հիմնադրած արվեստի կենտրոնի շնորհիվ:
Ցուցադրության շրջանակներում ներկայացված ընտրանին մի հարկի տակ է հավաքել վաթսունչորս արվեստագետի յոթանասունից ավելի աշխատանքներ: Ափսեն իր կլորավուն տարածության մեջ ներառել է մի քանի սերունդների, միմյանցից տարբերվող արվեստագետների՝ նկարիչներ, քանդակագործներ, խեցեգործներ: Ասում են՝ աշխարհը կլոր է: Զարմանալի չէ, որ մի շարք միջնադարյան մանրանկարներում Արարչին կարկինով են պատկերում՝ կլոր աշխարհը գծելիս: Փաստորեն, շեշտելով աշխարհի կլոր լինելը՝ մենք մատնանշում ենք այն պարզ հանգամանքը, որ աշխարհը որքան էլ հսկա լինի, երկու մարդկանց հանդիպման հավանականությունը բավական մեծ է, եթե ճակատագրով դա նախատեսված է: Այս ցուցադրությունը ևս հանդիպան վայր է տասնյակ արվեստագետների և հազարավոր այցելուների համար՝ կլոր ափսեի շուրջ:
-
Ցուցադրության պատկերագիրքԵրևանյան կոլեկցիոներների ընտրությունը 2՝ Ռուբեն Անգալադյան. նամակներ ափսեի մեջԻմանալ ավելին