18 ապր 2025 - 29 հնս 2025

Վալենտին Պոդպոմոգով. Երազներ կյանքի ու մահվան մասին

Ցուցադրության շրջանակում ԳԱԿ-ը ներկայացնում է Վալենտին Պոդպոմոգովի ստեղծագործությունների հատուկ ընտրանի՝ ընտանիքի և մասնավոր հավաքածուներից։

Ցուցադրության շրջանակում ԳԱԿ-ը ներկայացնում է Վալենտին Պոդպոմոգովի ստեղծագործությունների հատուկ ընտրանի՝ ընտանիքի և մասնավոր հավաքածուներից։

Վալենտին Պոդպոմոգովը որպես արվեստագետ, առավել ևս, որպես նկարիչ, հայկական մշակութային իրականության մեջ եզակի ֆենոմեն է՝ այս պնդման ոչ միայն գեղարվեստական, այլ իրական իմաստով։ 

 

Ունենալով Հայաստանի ստեղծագործական դաշտում արդեն ծանրակշիռ ժառանգություն` Պոդպոմոգովն սկսում է զբաղվել գեղանկարչությամբ իր կյանքի ավելի ուշ փուլում՝ արդեն հիսուն տարին բոլորած․․․ լինելով բացարձակ ինքնուս։ 1970-ականներին նա հայկական արվեստային դաշտ է բերում գեղանկարի բացարձակ նոր տեսակ՝ և՛ թեմաների, և՛ գեղարվեստական լուծումների առումով․ տեխնիկապես՝ դասական, գրեթե կանոնիկ, իսկ բովանդակությամբ՝ այլաբանական, միստիկ-սյուրռեալիստական։

 

«Երազներ կյանքի ու մահվան մասին» ցուցադրության շրջանակում Գաֆէսճեան արվեստի կենտրոնը ներկայացնում է Վալենտին Պոդպոմոգովի ստեղծագործությունների հատուկ ընտրանի՝ ընտանիքի և մասնավոր հավաքածուներից։ Այս նախագծի համար ներկայացված են այնպիսի ստեղծագործություններ, որոնք խորհրդապաշտական, այլաբանական, փիլիսոփայական, իսկ որոշ դեպքերում ուղիղ իմաստով արտացոլում են Պոդպոմոգովի գեղարվեստական նկրտումները՝ կյանքի ու մահվան սահմանային մետաֆիզիկական եզրերի շուրջ։ Ցուցահանդեսին ներկայացված մի շարք ստեղծագործություններ ցուցադրվում են առաջին անգամ։

 

Վալենտին Պոդպոմոգովը ծնվել է 1924 թվականի ապրիլի 29-ին Երևանում։ 1939-ին սկսել է աշխատել «Հայկինո» ստուդիայում որպես անիմացիայի նկարիչ, իսկ 1940-ից եղել է նկարիչ-ձևավորող «Հայֆիլմ» կինոստուդիայում։ Նա բեմադրող նկարիչ է աշխատել շուրջ 20 գեղարվեստական ֆիլմերում։ Որպես մուլտֆիլմերի ռեժիսոր կամ սցենարիստ՝ հանդես է եկել մի շարք ժապավեններով, այդ թվում՝ «Կախարդական գորգ» (1948), «Մի կաթիլ մեղր» (1968), «Փարվանա լճի լեգենդը» (1970), «Պույ-պույ մկնիկ» (1971)։ 1960–1964 թվականներին զբաղեցրել է Երևանի գլխավոր նկարիչի պաշտոնը։ 1967-ին «Հայֆիլմ»-ում հիմնադրել է մուլտիպլիկացիոն բաժին՝ նպաստելով հայկական անիմացիայի զարգացմանը։ Նույն թվականին նրան շնորհվել է ՀԽՍՀ վաստակավոր նկարչի կոչում։ Եղել է Հայաստանի Կինեմատոգրաֆիստների միության անդամ 1958-ից, Նկարիչների միության անդամ՝ 1959-ից։ 50 տարեկանից սկսել է զբաղվել գեղանկարչությամբ։ Նրա նկարները պահպանվում են Երևանի Ժամանակակից արվեստի թանգարանում և մասնավոր հավաքածուներում։ Մահացել է 1998 թվականի հուլիսի 18-ին Երևանում։

ՄՇՏԱԿԱՆ ՑՈՒՑԱԴՐՈՒԹՅՈՒՆ
«Սասունցի Դավիթ» Որմնաքանդակ
«Սասունցի Դավիթ» Որմնաքանդակ
Արտաքին հարթակներ
Արտաքին հարթակներ
Շարժասանդուղքների սրահ
Շարժասանդուղքների սրահ
Գաֆէսճեան քանդակների պարտեզ
Գաֆէսճեան քանդակների պարտեզ
Կոլեկցիոների ներաշխարհում
Կոլեկցիոների ներաշխարհում