Սուրեն Պիպոյան, մեկ կտավի ցուցադրություն. «Գաղթ»
Հայաստանի վաստակավոր նկարիչ Սուրեն Պիպոյանի (1922-2005) գեղարվեստական ժառանգության մեջ զգալի տեղ են գրավում մեծածավալ կոմպոզիցիոն գեղանկարչական աշխատանքները, որոնց մեջ առանձնանում է Հայոց Մեծ Եղեռնին նվիրված «Գաղթե աշխատանքը, որը դարձավ նկարչի կյանքի կենտրոնական ստեղծագործությունը:
Այս թեման նկարչի միտքը զբաղեցնում էր 15 տարի շարունակ: 1965 թվականի հունվարից նա սկսում է աշխատել առաջին կտավի վրա: Իր օրագրում նա գրում է. «Կարդում և ուսումնասիրում եմ հայկական կոտորածներից տեղեկություններ, գարնանը ցուցահանդես է լինելուե: Մեկ այլ տեղ. «Այսպես, ուրեմն - «Գաղթե կոմպոզիցիոն կտավի վրա աշխատեցի 25 օր – ստեղծագործական բուռն շրջան էր, խիստ լարված էի աշխատում..: Կոմպոզիցիան բաղկացած էր 100 ֆիգուրներից, բոլորը մեկ առ մեկ նկարել էր հարկավոր: Աշխատանքը կատարեցի չափազանց խիստ ոճով, պայմանական միջավայրում և սիմվոլիկ: Ցուցահանդեսում աշխատանքը միահամուռ հավանության արժանացավ, ոմանց վրա ցնցող տպավորություն թողեցե:
Այս ստեղծագործության առաջին օրինակը (140x122 սմ) կատարված է նկարչի տվյալ շրջանին բնորոշ համարյա մոնոխրոմ, զուսպ մուգ դարչնագույն–կապտավուն ներկապնակով, նկարչի առանձնահատուկ կուբիստական–էքսպրեսիոնիստական ոճով, լերկ, դաժան անապատի թեք մակերեսով (գուցե լեռներով) սողացող անծայր մարդկային շարասյուների պատկերմամբ: Թեև նրանք գնում են խավարից դեպի լույս, սակայն նկարի ընդհանուր տրամադրությունը ողբերգական է, ցավալի: Հեռվում նշմարվում է Սուրբ Հռիփսիմե վանքի փոքրիկ ուրվագիծը: Նկարն անվանվեց «Փրկության ճանապարհե:
1967 թվականին Սուրեն Պիպոյանը կատարեց նկարի հեղինակային կրկնօրինակը, քիչ ավելի մեծ չափերի` 200x160 սմ: Այս օրինակը կոչվեց «Դեպի նոր Հայաստանե` Խորհրդային Հայաստանի նորոգ գաղափարախոսությանը համահունչ:
1979 թվականին Սուրեն Պիպոյանը որոշում է կրկին անդրադառնալ այս թեմային, պահպանելով հիմնականում նույն հորինվածքը` տալ նրան բոլորովին նոր մեկնաբանություն և կատարման ոճ: Նախ և առաջ որոշվեց չափը, նախորդներից շատ ավելի մեծ, 375x300 սմ: Փոխվեց գունային լուծումը, մուգ դարչնագույնից դեպի ոսկեգույնը, սպիտակը, երկնագույն-մոխրագույնը: Ավելացավ մի կարևոր դետալ. գաղթականներին ընդունում են հրեշտակները: Կտավի ստեղծման ընթացքում ուսումնասիրվել են հայկական տարազները:
Տունուտեղը լքած, բռնի տեղահանված հայությունը գնում է դեղին անապատով, տանելով թանկագին մասունքներ` գիրք, սրբապատկեր, խաչքար, գրկներին առած երեխային, հիվանդ հարազատին: Նրանց շարքում կարելի է նշմարել Կոմիտասի կերպարը: Երեխաներին, մարդկանց կարծես տանում է հողմը, նրանք մի կերպ դիմադրում են, բայց գնում են: Թռչուններն աղաղակում են: Գաղթականները գնում են ուղիղ դեպի հրեշտակների գիրկը: Նրանք գնում են դեպի երկինք: Կամ դեպի նոր Հայաստան: Հեռվում Սուրբ Հռիփսիմե եկեղեցու ուրվագիծն է: Կտավը ողբերգական է և միևնույն ժամանակ կենսահաստատ` շնորհիվ ոսկեգույն կոլորիտի և ռիթմի: Սա հայոց ցեղասպանության թեմայով այն հազվագյուտ նկարներից է, որը, այնուամենայնիվ, հաստատում է հայ ժողովրդի բարձր որակը` որպես իր մշակույթին հավատարիմ և ապրելու հսկայական կենսաուժ ունեցող ազգ:
1980 թվականին աշխատանքը ցուցադրվեց Հայաստանի նկարիչների միությունում և արժանացավ տարվա լավագույն աշխատանքի կոչմանը: Հետագայում երկար տարիներ ցուցադրվել է հայոց ցեղասպանության պետական թանգարանի կոնֆերենց-սրահում: Այժմ նկարչի ընտանիքի սեփականությունն է: