Սարգիս Համալբաշյան. հայկական թաղամաս
2015 թվականի ապրիլի 17-ին Գաֆէսճեան արվեստի կենտրոնի «Սասունցի Դավիթ» պարտեզի սրահում բացվում է «Սարգիս Համալբաշյան. հայկական թաղամաս» ցուցադրությունը:
Գաֆէսճեան արվեստի կենտրոնի 2015 թվականի կարևորագույն նախաձեռնություններից է անկախության շրջանի հայ կերպարվեստի առանցքային ներկայացուցիչներից Սարգիս Համալբաշյանի ստեղծագործությունների ցուցադրությունը, որը կրում է «Հայկական թաղամաս» խորագիրը: Հայաստանյան ժամանակակից կերպարվեստի ակունքներում կանգնած արվեստագետն այն եզակիներից է, ում ստեղծագործությունները տեղ են գտել Ջերարդ Լ. Գաֆէսճեան հավաքածուի մեջ: «Հայկական թաղամաս» ցուցադրությունը, որն ընդգրկում է Սարգիս Համալբաշյանի վերջին տարիներին ստեղծած գեղանկարների ընտրանին, ներկայացնում է «Գտանք Մեսիային» կտավը Ջերարդ Լ. Գաֆէսճեան հավաքածուից, ինչպես նաև արվեստագետի կտավների հայտնի կերպարների նախատիպերի գծանկարների շարք:
«Սարգիս Համալբաշյանի հայացքն ընդգրկուն է, կենդանի, նրա արվեստը բիոլոգիա՝ կենսաբանություն է, այլ ոչ թե ֆիզիկա: Նա տեսնում է մշակույթը, որ աճում է ոչ միայն վերև, այլև տարածվում է հորիզոնական և մխրճվում հողի մեջ»:
Վարդան Ջալոյան, արվեստի քննադատ