17 մրտ 2016 - 05 հնս 2016

Ռոբերտ Էլիբեկյան. Արտացոլումներ

Ռոբերտ Էլիբեկյանը ծնվել է Թբիլիսիում արվեստագետների ընտանիքում:  1960-ականներին տեղափոխվելով Երևան՝ կարճ ժամանակահատվածում նա իր ուրույն տեղն է հաստատում քաղաքի արվեստային բարդ միջավայրում՝ դիմակայելով սոցռեալիզմի խորհրդային պրոպագանդային: Գեղանկարչական բեղմնավոր գործունեությանը զուգահեռ՝ Էլիբեկյանն աշխատել է նաև որպես բեմանկարիչ՝ Հայաստանում և արտերկրում ձևավորելով բազմաթիվ ներկայացումներ: Միևնույն ժամանակ, նա հանդիսացել է մի շարք հայկական ֆիլմերի բեմադրող նկարիչը:

Լինելով 1960-1970-ականների «թիֆլիսյան դպրոցի» առաջատար ներկայացուցիչներից մեկը՝ Էլիբեկյանը գեղեցիկի և ազատության նոր գեղագիտություն բերեց Երևանյան մշակութային համայնապատկեր: Իր կտավներում Էլիբեկյանը ստեղծում է ֆանտասմագորիկ իրականություն, որտեղ նա կարող էր հասնել զգացմունքների և ոգու կատարյալ ազատության՝ արվեստագետի ստեղծագործական հիմնական մղիչ ուժը: 

«Ռոբերտ Էլիբեկյան. Արտացոլումներ» ցուցադրությունը, որի շրջանակներում մեկտեղված են 26 գեղանկարներ արվեստագետի հարուստ գեղարվեստական ժառանգությունից, մատնանշում է նրա արվեստի ոճական և ստեղծագործական ուղու զարգացումը 1960-ականներից ցայսօր:
 
Գաֆէսճեան արվեստի կենտրոնի 2016 թվականի առաջին ցուցադրությունը՝ «Ռոբերտ Էլիբեկյան. Արտացոլումներ», որը նշանավորում է արվեստագետի 75-ամյա հոբելյանը, հարգանքի տուրք է հայկական մոդեռնիստական արվեստի կարևորագույն ներկայացուցիչներից մեկին: Միևնույն ժամանակ, հավատարիմ կենտրոնի առաքելությանը, սա ևս մեկ քայլ է ներկայացնելու հայկական կերպարվեստը տեղի և միջազգային արվեստասեր հանրության լայն շրջաններին:

Ցուցադրությունը գործելու է մարտի 17-ից մինչև հունիսի 5-ը: Հանրության համար մուտքն անվճար կլինի մարտի 18-20-ը:

Ռոբերտ Էլիբեկյանը ծնվել է 1941 թվականին Թբիլիսիում (Վրաստան) արվեստագետների ընտանիքում: 1965-ին նա ավարտել է Երևանի պետական գեղարվեստա-թատերական ինստիտուտը:

Պարգևատրումներ և կոչումներ
1970 – Հայաստանի նկարիչների միության անդամ
1977 – ՀԽՍՀ վաստակավոր նկարչի կոչում
2001 – «Մովսես Խորենացի» մեդալ ազգային արվեստում անգնահատելի ներդրման համար
2004 – Նախագահի մրցանակ «Միստերիա» նկարաշարի համար
2008 – Հայաստանի Հանրապետության ժողովրդական նկարչի կոչում
2011 – «Սուրբ Մեսրոպ Մաշտոց» մեդալ Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանի կողմից

Էլիբեկյանի աշխատանքները ցուցադրվել են Հայաստանում և արտերկրում, մասնավորապես Ռուսաստանում, Ֆրանսիայում, Նիդերլանդներում, Իտալիայում, Պորտուգալիայում, Բելգիայում, Մեծ Բրիտանիայում, ԱՄՆ-ում, Կանադայում, Լիբանանում:

Էլիբեկյանի ստեղծագործությունները ցուցադրվում են մի շարք թանգարաններում և ներառված են խոշոր հավաքածուներում, այդ թվում Հայաստանի ազգային պատկերասրահում, Երևանի ժամանակակից արվեստի թանգարանում, ՀՀ կառավարության տանը, ՀՀ նախագահի նստավայրում, Երևանի պատմության թանգարանում, Սերգեյ Փարաջանովի թանգարանում, Սիլվա Կապուտիկյանի տուն-թանգարանում, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի թանգարանում, Մոսկվայի արևելյան արվեստի թանգարանում, Մոսկվայի Տրետյակովյան պատկերասրահում, Մոսկվայի Ա. Բախրուշինի անվան թատրոնի թանգարանում, Դեթրոյթի «Ալեք և Մարի Մանուկյան» թանգարանում, Նյու Ջերսիի Զիմերլի թանգարանում, Վենետիկի Մխիթարյան միաբանության թանգարանում, Սպիտակ տան և Ելիսեյան պալատի հավաքածուներում:

ՄՇՏԱԿԱՆ ՑՈՒՑԱԴՐՈՒԹՅՈՒՆ
«Սասունցի Դավիթ» Որմնաքանդակ
«Սասունցի Դավիթ» Որմնաքանդակ
Արտաքին հարթակներ
Արտաքին հարթակներ
Շարժասանդուղքների սրահ
Շարժասանդուղքների սրահ
Գաֆէսճեան քանդակների պարտեզ
Գաֆէսճեան քանդակների պարտեզ
Կոլեկցիոների ներաշխարհում
Կոլեկցիոների ներաշխարհում