ՓՈՓ Հաղորդակցում. Ընտրանի Ջերարդ Լ. Գաֆէսճեանի հավաքածուից
ՓՈՓ Հաղորդակցում. Ընտրանի Ջերարդ Լ. Գաֆէսճեանի հավաքածուից
«Փոփ հաղորդակցում. ընտրանի Ջերարդ Լ. Գաֆէսճեանի հավաքածուից» ցուցադրությունը կբացվի Գաֆէսճեան արվեստի կենտրոնի «Սասունցի Դավիթ» պարտեզի սրահում մայիսի 18-ին:
«Փոփ արտը մասայական է (նախատեսված լայն զանգվածների համար), անցողիկ է (կարճաժամկետ լուծումներով), սպառողական է, էժանագին, անփորձ, սրամիտ, սեքսուալ, անօգուտ, գլամուր… և սա միայն սկիզբն է»
Ռիչարդ Համիլթոն, 1957
Փոփ արտը աճող արդյունաբերական և սպառողական հասարակության ներկայացումն էր, որն արտացոլում էր ամերիկյան առևտրային մշակույթը պատկերների և նշանների խորհրդանշային համակարգում՝ առաջարկելով ամերիկյան կենսակերպի նոր տեսլական:
«Փոփ»-ը պատասխան էր նոր` սպառողական հասարակության առաջացմանը և զանգվածային մշակույթի տարածմանը 1950-1960-ական թվականներին, ինչը ծնեց կոմերցիոն Ամերիկայի նոր արժեհամակարգը: Զանգվածային օգտագործման ու նշանակության օբյեկտների ու լայն մասայականություն վայելող կուռքերի առաջխացացումն ու ներգրավումը կերպարվեստ, կամա թե ակամա, օգնեց փոփ արվեստագետներին «կոտրել» այսպես կոչված «բարձր» արվեստի սահմանները՝ նպաստելով արվեստի ՙժողովրդավարացմանը: Իրենց ստեղծագործություններում օգտագործելով պատկերներ գովազդներից, Հոլիվուդից, կոմիքսներից և արդյունաբերական դիզայնից՝ փոփ արվեստագետները այնպիսի խնդիրներ էին արծարծում. ինչպիսին են դասային համակարգը, քաղաքական փոփոխությունները, գենդերային հարաբերությունները և սպառողական հասարակարգը: Նրանք նաև օգտագործում էին ամերիկացիների ինքնությունը բնութագրող հայրենասիրական խորհրդանիշեր և պատմական դրվագներ՝ ինտեգրելով դրանք որպես ձևավորվող զանգվածային մշակույթի տարրեր:
Փոփ արտը ի հայտ եկավ սկզբում Լոնդոնում, ապա՝ Նյու Յորքում. դրանք անկախ գործընթացներ էին և զարգացան գրեթե միաժամանակ: Չնայած պատկերագրական և կատարման նմանություններին, այս երկու ուղղությունների միջև գաղափարական տարբերություններ կային: Ամերիկան իր ծաղկուն քաղաքներով և հարստությամբ ազատության և ապագայի խոհրդանիշն էր: Միավորելով մասայական արտադրության ու սպառողականության պատկերները՝ բրիտանացի արվեստագետները ցանկանում էին սահմանել այսպես կոչված «ամերիկյան երազանքը» այնպիսի գեղարվեստական միջոցներով, որ հասու էին բոլորին՝ հասարակական դասից անկախ: Փոփ արտի ամերիկացի ներկայացուցիչները ավելի քննադատորեն և հեգնական էին վերաբերվում ամերիկյան հասարակությանը: Անկախ նրանից, թե ինչ գաղափարներ էր արտացոլում փոփ արվեստը, այն մատնանշեց նոր ժամանակների տեսլականը:
Ներկայացնելով հայտնի փոփ կերպարների, սպառողական արտադրության օբյեկտների և ժամանակակից կենցաղային իրերի պատկերներ՝ փոփ արտը իրապաշտական չէ իր տեսակի մեջ: Վերածելով պատկերը խորհրդանշական երևույթի՝ փոփ արտը հաղորդակից է դարձնում մեզ զանգվածային մշակույթին՝ ճանաչելի նշանների միջոցով: «Փոփ հաղորդակցում. ընտրանի Ջերարդ Լ. Գաֆէսճեանի հավաքածուից» ցուցադրությունը ներկայացնում է փոփ արտի առաջին սերնդի վառ ներկայացուցիչների աշխատանքները, ովքեր իրենց անգնահատելի ներդրումն են ունեցել այդ ուղղության զարգացման և հաստատման մեջ՝ որպես ժամանակակից արվեստ. նրանց թվում են ամերիկացիներ Թոմ Ուեսելմանը, Ջեյմս Ռոզենքուիսթը, Ջիմ Դայնը, Ռոբերտ Ինդիանան, Լարի Ռիվերսը, Ռոնալդ Բրուքս Կիտայը, ինչպես նաև բրիտանացի Ալեն Ջոնսը: Ցուցահանդեսը հնարավորություն է ընձեռում ծանոթանալու փոփ արտի պատկերագրությունը՝ մատնանշելով և լույս սփռելով դրա հիմնական տարրերի վրա: