01 հլս 2016 - 28 օգս 2016

Մարկոս Գրիգորյան. Խաչմերուկներ

Մարկոս Գրիգորյանը (1925-2007) այն եզակի հայազգի արվեստագետներից է, ով իր ուրույն տեղը գտավ 20-րդ դարի երկրորդ կեսի համաշխարհային արվեստային զարգացումների համայնապատկերում: Ծնվելով Ռուսաստանում, մեծանալով Իրանում, կրթություն ստանալով Իտալիայում, ապրելով Ամերիկայում, հաստատվելով Հայաստանում, ստեղծագործելով աշխարհի տարբեր անկյուններում ՝ Մարկոս Գրիգորյանը խտացումն էր արևելքի և արևմուտքի տարբեր մշակութային հոսանքների, որի արդյունքում ծնվեց նրա՝ այդքան տարբեր արվեստը իր բոլոր դրսևորումներով հանդերձ: Մարկոս Գրիգորյանը շրջում էր ոճերի և արտահայտչամիջոցների միջև այնպես, ինչպես երկրների և մշակույթների միջև՝ հեշտությամբ հատելով սահմանները: Նա արվեստագետ էր և արվեստի տեսաբան, կոլեկցիոներ էր և համադրող, նաև՝ կինոդերասան: Այս բոլոր բնագավառներում Մարկոս Գրիգորյանին հաջողվել է խորը հետք թողնել՝ իր բազմակողմանի կերպարի շնորհիվ: Կյանքի մեծ մասը ապրելով Հայաստանից դուրս՝ նրա հայացքը մշտապես ուղղված է եղել դեպի հայկական մշակույթ: Ուստի, զարմանալի չէ, որ հայրենիքի անկախացումից հետո նա 1990-ականների սկզբին իր հսկայական հավաքածուն և աշխատանքները տեղափոխեց Հայաստան, որի հիման վրա ստեղծվեց Միջին Արևելքի արվեստի թանգարանը:

Գաֆէսճեան արվեստի կենտրոնի «Մարկոս Գրիգորյան. Խաչմերուկներ» ցուցադրությունը ներկայացնում է արվեստագետի՝ Հայաստանում թողած գեղարվեստական ժառանգության մի քանի կարևոր շերտեր: Հայեցակարգային առումով ցուցադրությունը բաժանված է երկու մասի: 

«Արծիվ» սրահում  ներկայացված են այն ստեղծագործությունները, որոնք ուղղակի կամ անուղղակի կերպով հղում են նկարչի հողարվեստին: Հողը որպես արտահայտչամիջոց եղել է և մնում է, թերևս, Մարկոս Գրիգորյանի արվեստը բնորոշող ամենահայտնի գիծը: Դա բնական է, քանի որ նա առաջիններից է եղել աշխարհում, ով սկսել է ստեղծագործել այս ոճով. դեռևս Իրանում 1950-ական թվականների կեսերին նրան սկսել է հետաքրքրել պարսկական աղքատ բնակավայրերում շինարարության մեջ օգտագործվող այսպես կոչված «քահգել» կպչուն հողը: Հետագա տարիներին նա իր հողարվեստում սկսում է ինտենսիվորեն կիրառել ոչ միայն ավազ, ցեխ, հող, այլև հարդ, ինչպես նաև կիրառական առարկաներ, օրինակ՝ մաղ: Հողարվեստի նմուշների հետ միասին «Աուշվիցի դարպասներ» շարքից երկու կտավի ներկայացումը հատուկ խորհուրդ է կրում, քանի որ այս աշխատանքն է դարձել հողարվեստի մեկնակետը արվեստագետի համար: Մարկոս Գրիգորյանի հողարվեստին է անուղղակիորեն առնչվում նաև «Հողարվեստի հետ պերֆորմանս»-ի ինստալացիայի կրկնօրինակի ընդգրկումը այս էքսպոզիցիայում:

Այցելելով նաև Կենտրոնի «Սասունցի Դավիթ» պարտեզի սրահ ՝ կարող եք հիանալ գորգերով, որոնք երևան են հանում Մարկոս Գրիգորյանի կապն իր արևելյան արմատների հետ: Նրա  հետաքրքրությունների շրջանակում առանձնակի կարևոր տեղ է զբաղեցնում գորգարվեստը՝ լինելով նրա ուշադրության կիզակետում 1950-ականների վերջից և զարգանալով արվեստագետի մնացած գործունեությանը զուգահեռ: Սկսելով իր փոքրիկ դստեր համար արվող այծիկների պատկերներից՝ արվեստագետը մի քանի տարիների ընթացքում հանգեց գորգանկարչության մի աննախադեպ ձևի, որը ինչպես ինքն էր անվանում՝ Ժամանակակից հայկական կարպետն էր: Թե Հայաստանը, թե Իրանը գորգարվեստի շատ հարուստ մշակույթ են ունեցել, սակայն Մարկոս Գրիգորյանը, սնվելով այդ դարավոր ավանդույթներից, կերտել է մի նոր երևույթ՝ որոշակիորեն խախտելով մինչ այդ եղած ձևերը: Նա ոչ միայն ստեղծել է գորգերի համար նախատեսված էսքիզներ, այլև մանրամասն ծանոթացել է գորգագործության տարբեր տեխնիկաների, խորությամբ ուսումնասիրել է պատմությունը, սովորել է ինքնուրույն գորգ գործել: Ավելին, Մարկոս Գրիգորյանը, հաստատվելով Հայաստանում, հիմնել է գորգագործության արհեստանոց, որտեղ ոչ միայն իր հեղինակած պատկերներով գորգեր էին ծնվում, այլև փորձեր էին արվում վերականգնելու հայկական գորգերի կորսված տեսակները:

Մեծանուն այս արվեստագետի բազմազբաղ ու անսպառ անհատականությունը բացահայտելու ճանապարհին այս ցուցադրությունը կարևոր հանգրվան է: Նրա կյանքն ու ստեղծագործությունը եզակի ֆենոմեն են, ինչի արդյունքն այն 24 աշխատանքներն են, որոնք տեղ են գտել այս պատկերագրքում:  Մարկոս Գրիգորյանի ողբերգական մահվանից ի վեր սա առաջին ծավալուն ցուցադրությունն է, որտեղ աշխատանքների հիմնական մասը ներկայացված է Միջին Արևելքի արվեստի թանգարանի հավաքածուից: Այն կարևորվում է նաև այլ հաստատություններում ու  անհատական հավաքածուներում առկա աշխատանքների համադրմամբ: Մարկոս Գրիգորյանի արվեստը, իր անհատականության պես, մշակութային այնպիսի խաչմերուկում է, ուր արևելքը հատվում է արևմուտքին, հողը հանդիպում է կտավին, իսկ իրանական գորգը հայկական հնագույն թագավորության պատկերներն է ստանում:

Մարկոս Գրիգորյանը ծնվել է 1925 թվականին Կրոպոտիկնում (Ռուաստան) Հայոց ցեղասպանությունից փրկվածների ընտանիքում: Ընտանիքը 1930-ին տեղափոխվել է Իրան, որտեղ 1940-ականների վերջում Գրիգորյանն ստացել է իր նախնական նկարչական կրթությունը: 1954 թվականին ավարտել է Հռոմի Գեղարվեստի ակադեմիան: 1950-ականներին վերադառնալով Իրան՝ դարձել է պարսկական ժամանակակից արվեստի հիմնադիրներից մեկը, եղել է Վենետիկի բիենալեի ժյուրիի անդամ, Վենետիկ-Թեհրան բիենալեի նախաձեռնողներից: 1960-ականներին սկսել է զբաղվել հողարվեստով, ճանապարհորդել է դեպի ԱՄՆ, ունեցել է հաջող ստեղծագործական շրջան և մի շարք ցուցադրություններ, վերջնական տեղափոխվել է ԱՄՆ 1970-ականների վերջում: 1980-ին հիմնել է «Գորկի» պատկերասրահը Նյու Յորքում: 1991-ին իր ողջ հավաքածուն և աշխատանքները նվիրաբերել է Հայաստանին, որի հիման վրա բացվել է Միջին Արևելքի արվեստի թանգարանը: Նրան շնորհվել է Երևանի պատվավոր քաղաքացու կոչում: Տասնամյակներ շարունակ հողարվեստին զուգահեռ ստեղծել է նաև գորգերի էսքիզներ և զբաղվել է գորգագործությամբ: Հայաստանում հիմնել է գորգագործական արհեստանոց, զբաղվել է Գառնի գյուղի մշակութային զարգացմամբ: 2007 թվականին ենթարկվել է հարձաման դիմակավոր մարդկանց կողմից՝ կողոպուտի նպատակով. մահացել է սրտի կաթվածից հիվանդանոցից դուրս գրվելու հաջորդ օրը:

Մարկոս Գրիգորյանը մասնակցել է բազմաթիվ անհատական և խմբային ցուցադրությունների Իրանում, Իտալիայում, Ֆրանսիայում, ԱՄՆ-ում, Գերմանիայում, Հորդանանում, Կիպրոսում և Հայաստանում: Բացի Հայաստանի մի շարք թանգարանների հավաքածուներից, նրա ստեղծագործություններն ընդգրկված են նաև Նյու Յորքի Ժամանակակից արվեստի թանգարանի, Մետրոպոլիտեն թանգարանի, Ջոնսոն թանգարանի, Լոնդոնի Թեյթ Մոդեռնի, Թեհրանի Ժամանակակից արվեստի թանգարանի, Կայսրուհի Ֆարահ Փահլավիի, Նելսոն Ռոքֆելերի և այլ հավաքածուներում:

ՄՇՏԱԿԱՆ ՑՈՒՑԱԴՐՈՒԹՅՈՒՆ
«Սասունցի Դավիթ» Որմնաքանդակ
«Սասունցի Դավիթ» Որմնաքանդակ
Արտաքին հարթակներ
Արտաքին հարթակներ
Շարժասանդուղքների սրահ
Շարժասանդուղքների սրահ
Գաֆէսճեան քանդակների պարտեզ
Գաֆէսճեան քանդակների պարտեզ
Կոլեկցիոների ներաշխարհում
Կոլեկցիոների ներաշխարհում