01 մրտ 2019 - 01 դկտ 2019

Կասկադի պատմությունը

«Կասկադի պատմությունը» վավերագիր ցուցադրությունը Կենտրոնի տասնամյակին նվիրված միջոցառումների շարքի մաս է կազմում: Այս ցուցադրությունն առաջինն է ԳԱԿ-ի անցած ուղին ներկայացնող ցուցադրությունների շարքից, որոնք իրականացվելու են 2019 թ. ընթացքում: 

Կառույցը, որտեղ այսօր գտնվում է Գաֆէսճեան արվեստի կենտրոնը, հայտնի է իբրև «Կասկադ»: Սկզբնական գաղափարը պատկանում էր ճարատարապետ Ալեքսանդր Թամանյանին, որի տեսլականը հետագայում կյանքի կոչեց Երևանի գլխավոր ճարտարապետ Ջիմ Թորոսյանը, ճարտարապետներ Սարգիս Գուրզադյանի և Ասլան Մխիթարյանի մասնակցությամբ: Նախագծվեց մոնումենտալ արտաքին աստիճաններ, ներսի երկար շարժասանդուղքներով թունել, սրահներ, բակեր և բացօթյա պարտեզներ ներառող բարդ ցանց՝ զարդարված հայոց հարուստ պատմության և ազգային մոտիվներով կերտված բազմաթիվ զարդաքանդակներով: 1970-ականների ավարտին սկսված շինարարական աշխատանքները մնացին անավարտ՝ 1988 թ. երկրաշարժի և 1991 թ. Խորհրդային Միության փլուզման պատճառով: 

2002 թ. «Գաֆէսճեան Թանգարան» հիմնադրամը, համագործակցելով Երևանի քաղաքապետարանի և Հայաստանի Հանրապետության կառավարության հետ, նախաձեռնեց Կասկադ համալիրի և Թամանյան պուրակի վերանորոգումը: Շուրջ 7 տարվա շինարարական աշխատանքներից հետո, 2009թ. նոյեմբերին  Կասկադ համալիրն իր 10 նոր ցուցասրահներով և քանդակների պարտեզով վերաբացվեց որպես Գաֆէսճեան արվեստի կենտրոն՝ կրելով իր հիմնական բարերար Ջերարդ Լ. Գաֆէսճեանի անունը: 

Ցուցադրված լուսանկարները և տեսանյութերը ներկայացնում են  Կասկադ համալիրի նախասկիզբը, կառուցապատման աշխատանքները և փոխակերպումը Գաֆէսճեան արվեստի կենտրոնի: Իր տասնամյա ակտիվ գործունեության ընթացքում Գաֆէսճեան արվեստի կենտրոնն իրականացրել է 60 ցուցադրություն, 48 կրթական ծրագիր և մոտ 1000 համերգային և հանրային ծրագրեր: Տարեկան ավելի քան մեկ միլիոն այցելու հյուրընկալող Կենտրոնն այսօր դարձել է տարածաշրջանի կարևորագույն մշակութային կիզակետերից մեկը:

ՄՇՏԱԿԱՆ ՑՈՒՑԱԴՐՈՒԹՅՈՒՆ
«Սասունցի Դավիթ» Որմնաքանդակ
«Սասունցի Դավիթ» Որմնաքանդակ
Արտաքին հարթակներ
Արտաքին հարթակներ
Շարժասանդուղքների սրահ
Շարժասանդուղքների սրահ
Գաֆէսճեան քանդակների պարտեզ
Գաֆէսճեան քանդակների պարտեզ
Կոլեկցիոների ներաշխարհում
Կոլեկցիոների ներաշխարհում