25 նմբ 2022 - 12 մրտ 2023

Կարեն Պետրոսյան․ սկիզբ, վերջ, սկիզբ

Մարդը բնության մաս է, ոչ թե բնությանը հակադրվող երևույթ։ Այդուհանդերձ, բնության մասնիկ ու ծնունդ լինելով` մարդը մշտապես անվերջանալի պայքարի մեջ է նրա հետ, ասել է թե՝ ինքն իր հետ։ 

Կանադաբնակ հայազգի արվեստագետ Կարեն Պետրոսյանն (ծնվ. 1952 թ.) իր արվեստում արդեն մի քանի տասնամյակ ուսումնասիրում է մարդու և բնության հարաբերությունները տարբեր հարթություններում՝ կենսաբանական, փիլիսոփայական, տիեզերական, մետաֆիզիկական և այլն։ Այս ամենով հանդերձ, մարդը նրա ստեղծագործություններում կենտրոնական դեր է խաղում և նրա աշխատանքները կառուցված են մարդու շուրջ։ Մարդը և բնությունը նրա արվեստում չեն դիտարկվում առանձին-առանձին, որոշակի վակուումի մեջ, այլ հենց միմյանց հետ հարաբերության խոսույթում են գտնվում։ 

Կարեն Պետրոսյանի «սկիզբ, վերջ, սկիզբ» ցուցադրությունը այս բազմաշերտ թեմային ուղղակի առնչություն ունեցող ստեղծագործությունների ընտրանի է, այդ թվում աշխատանքների, որոնք արվել են հատուկ այս ցուցահանդեսի համար։ Մարդը Կարեն Պետրոսյանի կտավներում և քանդակներում ճամփորդ է, ով անցնում է ոչ թե իր ճանապարհը, այլ ավելի լայն, հավաքական իմաստով, քայլում է մարդկության կրկնվող ճանապարհով, որն ինչպես և բնությունը, շրջապտուտային ընթացք ունի՝ բիբլիական «դարձ ի շրջանս յուր» հայտնի արտահայտությանը համահունչ։ 

Գաֆէսճեան արվեստի կենտրոնի «Ցուցասրահ Մեկ» և «Արծիվ» սրահներում ներկայացված աշխատանքները բացահայտում են՝ ինչպես է Կարեն Պետրոսյանը խորհում այս խնդիրների շուրջ արվեստային լեզվով։ «Ցուցասրահ Մեկ»-ը ցուցադրության նախաբանն է. այստեղ մարդու ու բնության միահյուսումն առավել ուղղակի ձևով է երևան գալիս «Արմատներ» շարքի միջոցով, և մարդ արարածը կարծես կլանված լինի բնության կողմից՝ բառիս բուն իմաստով «ոտքից գլուխ» վերանալով վերջինիս մեջ։ «Արծիվ» սրահի երկչափ մոնումենտալ կտավներն ու գրաֆիկական աշխատանքները ծավալվում են «Ճամփորդ» կոթողային քանդակի շուրջ. Կարեն Պետրոսյանի արվեստում այդքան տարածված մարդկային գլուխը (մարդը մեծ հաշվով) արդեն հողից կտրվել ու հասել է կարծես տիեզերական մեդիտատիվ վիճակի՝ երկրայինից մոտենալով երկնայինին։ Կարեն Պետրոսյանի ստեղծագործությունների գլխավոր հերոսը մշտական մտորումների տեղիք է տալիս։ Այս անցումային ընթացքը՝ սկզբից վերջ ու վերջից սկիզբ շրջապտույտը՝ մարդկային բազմաթիվ մարտահրավերների վիզուալ մեկնաբանությունների ձևով, կարելի է տեսնել ցուցադրությանը ներկայացված արվեստագետի բոլոր աշխատանքներում։ 

Կարեն Պետրոսյանը ծնվել է Հայաստանում 1952 թվականին։ Կրթություն է ստացել Երևանի գեղարվեստի ուսումնարանում և Սանկտ Պետերբուրգի Գեղարվեստի ակադեմիայում։ Երկար տարիներ աշխատել է Հայաստանում և Ռուսաստանում։ 1987 թվականին տեղափոխվելով Կանադա ու հաստատվելով Մոնրեալում՝ շարունակել է ստեղծել կտավներ, գրաֆիկական աշխատանքներ և քանդակներ։

  • Ցուցադրոության պատկերագիրք
    Սկիզբ, վերջ, սկիզբ
    Իմանալ ավելին
  • Տեսադարան
    Տեսանյութ և լուսանկարներ ցուցադրության բացումից
    Իմանալ ավելին
  • Հանդիպում արվեստի հետ
    «Կարեն Պետրոսյան․ սկիզբ, վերջ, սկիզբ» պատկերագրքի շնորհանդես
    Իմանալ ավելին
ՄՇՏԱԿԱՆ ՑՈՒՑԱԴՐՈՒԹՅՈՒՆ
«Սասունցի Դավիթ» Որմնաքանդակ
«Սասունցի Դավիթ» Որմնաքանդակ
Արտաքին հարթակներ
Արտաքին հարթակներ
Շարժասանդուղքների սրահ
Շարժասանդուղքների սրահ
Գաֆէսճեան քանդակների պարտեզ
Գաֆէսճեան քանդակների պարտեզ
Կոլեկցիոների ներաշխարհում
Կոլեկցիոների ներաշխարհում