Հակոբ Հակոբյան. երկաթե երկեր
Հակոբ Հակոբյան. երկաթե երկեր
Մարտի 27-ին Գաֆէսճեան արվեստի կենտրոնի «Արծիվ» սրահում բացվելու է «Հակոբ Հակոբյան. երկաթե երկեր» ցուցահանդեսը:
«Հակոբ Հակոբյան. երկաթե երկեր» ցուցադրությունն առաջին անգամ երևան է հանում քանդակի` որպես առանձին գեղարվեստական ուղղության զարգացումը Հակոբ Հակոբյանի արվեստում, ներկայացնելով արվեստագետի եռածավալ հորինվածքների լայն ընտրանի: Այն ընդգրկում է 62 քանդակներ ստեղծագործական բոլոր շարքերից. մարդակերպ և կենդանակերպ ֆիգուրներ, թեմատիկ աշխատանքներ:
«Արվեստագետի գլխավոր թեման մարդն է», նշում էր Հակոբ Հակոբյանը: Սա է այն հիմնական ստեղծագործական սկզբունքը, որը տասնամյակներ շարունակ առաջնորդել է Վարպետին իր աշխատանքներում: Շուրջ քառասուն տարի աշխատելով վրձնով՝ անցյալ դարի 80-ական թվականներին Հակոբյանը հայացքն ուղղեց դեպի քանդակի աշխարհը: Աշխատանքային գործիքների մարդակերպ և կենդանակերպ համադրումները, որոնք ի սկզբանե ստեղծվել էին որպես կտավների նոր բնակիչների նախակերպեր, աստիճանաբար սկսեցին ընկալվել որպես առանձին քանդակներ: Հարթաշուրթերի, աքցանների, մկրատների, բժշկական գործիքների տարատեսակ համակցումները ծնունդ տվեցին հակոբյանական նոր արարածներին: Վերջին տասնամյակը վարպետի քանդակների ստեղծման ամենաբեղուն շրջանն էր:
Ցուցահանդեսը տևեց մինչև 2013 թ. մայիսի 26-ը: Մուտքն անվճար է: