Գայանե Ավետիսյան. «Մեջտեղ» նախագիծ-ցուցադրություն
Գայանե Ավետիսյանի «Մեջտեղ» նախագիծ-ցուցադրություն
Գայանե Ավետիսյանի «Մեջտեղ» նախագիծ-ցուցադրության միջոցով Գաֆէսճեան արվեստի կենտրոնը փորձում է նոր ձևակերպումներ տալ թանգարան-արվեստագետ-այցելու փոխհարաբերությունների դիսկուրսին, ինչպես արվեստագետի և ցուցահանդեսային տարածքի, այնպես էլ՝ այցելու-թանգարան հարաբերությունների տեսանկյունից։ Թանգարանը ինչ-որ առումով նվազեցնում է իր «միջնորդի» կարգավիճակը՝ կրճատելով կամ անգամ վերացնելով կամուրջը այցելուի և արվեստագետի միջև։ «Մեջտեղ»-ը հնարավորություն է տալիս այցելուին վերապրելու նկարչի արվեստի մեջ ընկղմող յուրահատուկ փորձառություն։
Գայանե Ավետիսյանը «ներխուժում» ու «գրավում է» Գաֆէսճեան արվեստի կենտրոնի սրահներից մեկը՝ այդպիսով խզելով պայմանական սահմանները։ Սա արվեստագետի համար առաջին մեծ թանգարանային ցուցադրությունն է Հայաստանում, ինչ-որ առումով մարտահրավեր, որտեղ ինքն արմատական որոշում է կայացնում ոչ թե պարզապես իր աշխատանքների ցուցադրությամբ հանդես գալու, այլ տեղափոխելու իր մասնավոր, մտերմիկ աշխարհը հանրային միջավայր։ Այս «ինտերվենցիան» որոշակի հաստատված պարադիգմներ է խախտում, երբ արվեստանոցն ու թանգարանը միմյանցից անջատ միավորներ են։