25 օգս 2023 - 05 նմբ 2023

Երևանյան կոլեկցիոներների ընտրությունը 5․ Թաթուլ Առակյան

Գաֆէսճեան արվեստի կենտրոնը ներկայացնում է «Երևանյան կոլեկցիոներների ընտրությունը 5․ Թաթուլ Առակյան» ցուցադրությունը Կենտրոնի «Ցուցասրահ Մեկում» և «Արծիվ» սրահում։

Հայաստանի կոլեկցիոներների մեջ Թաթուլ Առակյանի դերը առանձնահատուկ է, քանի որ նրա հավաքածուի մի ստվար շերտ լույս է սփռում հայկական արվեստի պատմության մի այնպիսի կարևոր շրջանի վրա, որը մեծ հաշվով դուրս է մնացել առավել ինստիտուցիոնալ կառույցների ուշադրությունից։ Խոսքը այս պարագայում հատկապես հետպատերազմյան խորհդրային շրջանի ընդհատակյա արվեստի և 1980-1990-ականների անցումային շրջանի անկյունաքարային արվեստագետների թողած ժառանգության մասին է․ հիմնականում վերացական արվեստ և փոփ արթ։ 

Այսօր իր հավաքածուում առկա արվեստագետներից շատերը արդեն հայկական արվեստի դասականներ են։ Թաթուլ Առակյանի նկարչական անցյալն ու սերը արվեստի նկատմամբ կարմիր թելով անցնում են ողջ ընտրանու միջով։ Նրա աչքերով կարելի է հետևել հայկական արվեստային դաշտի էվոլյուցիային, հատկապես այն տենդենցներին, որոնք, շարունակելով գերակշռել անգամ այսօր, միևնույն է դուրս են լայն հանրության տեսադաշտից։ Գլոբալ արվեստային ազդեցություններով համակված՝ այս ընտրանին երևան է հանում հայ արվեստագետների արդիականության ընկալումը և տեղական տուրքը արևմտյանին մշակույթին։

Գաֆէսճեան արվեստի կենտրոնի «Երևանյանան կոլեկցիոներների ընտրությունը» շարքի այս ցուցադրությունը կարևոր է թե՛ սովորական այցելուների, թե՛ մասնագիտական դաշտի համար։ Դժվար է առանձացնել՝ որ աշխատանքներն են հատկապես առաջնային Թաթուլ Առակյանի հավքածուում։ Այդուհանդերձ, այս ծավալուն ընտրանու մեջ կարելի է տեսնել օրինակ Քիքիի «Բոբո»-ների բացառիկ օրինակներ, Գրիգոր Խաչատրյանի վերացական ստեղծագործություններ, Րաֆֆի Ադալյանի 1960-ական թվականների աբստրակ էքսպերիմենտներ, Արման Գրիգորյանի կամ Արա Հովսեփյանի վրձնած մի շարք կարևոր նմուշներ, Կարինե Մացակյանի 1990-ականների փոփ արթ կտավներ, Միլանդա դե Մոնթի (Գրիգորյան) աբստրացիաներ, և իհարկե մեր վերջին տասնամյակների ամենակարևոր արվեստագետներից Համլետ Հովսեփյանի մի շարք աշխատքներ․ հնարավոր չէ բոլորին առանձնացնել, քանի որ երեսունից ավելի արվեստագետի շուրջ հարյուր քսան աշխատանք է ցուցադրվում Կենտրոնի «Ցուցասրահ Մեկում» և «Արծիվ» սրահում։ Կարևոր է, որ Թաթուլ Առակյանի հավաքածուի մեջ տեղ են գտնում նաև համեմատաբար նոր անուններ և համալրման գործընթացը չի լճանում։

Շուրջ տասը տարի է Գաֆէսճեան արվեստի կենտրոնը ոչ միայն բացահայտում է մասնավոր հավաքածուները իր «Երևանյան կոլեկցիոներների ընտրությունը» շարքի շրջանակում, այլև ընդլայնում է հայկական կերպարվեստի մասին պատկերացումները․ Թաթուլ Առակյանի հավաքածուից այս ընտրանին դառնում է հերթական քայլը այս ճանապարհին։ Չէ որ սա է եղել Ջերարդ Գաֆէսճեանի գլխավոր առաքելություններից մեկը՝ մասնավոր հավաքածուն դարձնել հանրությանը հասանելի:

Ցուցադրությունը հանրության համար գործելու է 2023 թվականի օգոստոսի 25-ից նոյեմբերի 5-ը։ Մուտքն ազատ է։

  • Տեսադարան
    Տեսանյութ և լուսանկարներ ցուցադրության բացումից
    Իմանալ ավելին
ՄՇՏԱԿԱՆ ՑՈՒՑԱԴՐՈՒԹՅՈՒՆ
«Սասունցի Դավիթ» Որմնաքանդակ
«Սասունցի Դավիթ» Որմնաքանդակ
Արտաքին հարթակներ
Արտաքին հարթակներ
Շարժասանդուղքների սրահ
Շարժասանդուղքների սրահ
Գաֆէսճեան քանդակների պարտեզ
Գաֆէսճեան քանդակների պարտեզ
Կոլեկցիոների ներաշխարհում
Կոլեկցիոների ներաշխարհում