Բնության հրաշքներ. Ընտրանի Ջերարդ Լ. Գաֆէսճեան հավաքածուից
Բնության հրաշքներ. Ընտրանի Ջերարդ Լ. Գաֆէսճեան հավաքածուից
Հանքային ռեսուրսները կազմում են երկիր մոլորակի գանձարանը: Դրանց հայտնագործումը դարակազմիկ նշանակություն է ունեցել քաղաքակրթության զարգացման վրա: Միներալները կենսական նշանակություն ունեն և օգտագործվում են մարդու գործունեության բոլոր ոլորտներում: Ավելի քան 4000 պաշտոնապես ճանաչված միներալների բազմաշերտ աշխարհը՝ իր սքանչելի անձեռակերտ դրսևորումներով՝ որպես բնության հրաշքներ, հմայել և ոգեշնչել է մարդուն՝ այդ արարումները վերակերտելու արվեստի նոր գործերի:
Ջերարդ Լ. Գաֆէսճեան հավաքածուն ներառում է երկրաբանական նմուշների ինքնատիպ օրինակներ: «Բնության հրաշքներ» ցուցադրությունն ընդգրկում է հանքաքարերի ընտրանի այդ հավաքածուից՝ վերջիններս ներկայացնելով որպես արվեստի անձեռակերտ գործեր, ինչպես նաև դեկորատիվ արվեստի նմուշներ և բնական քարերից կերտված ստեղծագործություններ: Մարա Մամբա վագրի աչք քարատեսակի եզակի գնդաձև նմուշներն, իրենց հարուստ երանգներով և շլացուցիչ նախշերով, հառնում են՝ որպես տիեզերքից բյուրեղացած մոլորակներ: Չինական կվարցը, կանաչ կվարցի շերտը, ամեթիստի և ցիտրինի ժեոդները, քարացած փայտի ու վագրի աչք քարի սալիկներն առանձնանում են բնության անկրկնելի վերացական ձևերով:
Մարդկային ոգեշնչումն ու բնության ստեղծագործ էներգիայի կերպափոխումն են արտացոլում ծիածանաքարից փորագրված «Ծովային կրիաներ» և օձաքարից քանդակված «Իգուանա» աշխատանքները: Ցուցադրության «գոհարը»՝ հայտնի արվեստագետ Լոուրենս Սթոլերի «Վերածնվող փնյունիկ տոտեմ» քանդակը, երևան է գալիս որպես բնության պաշտամունքի խորհրդանիշ: Ամեթիստի ժեոդների ներդաշնակ համադրումը քանդակի բրոնզե թևերին հաղորդում է արվեստագետի տեսլականը՝ փոխակերպել բնության գեղեցկությունը գեղեցիկի բնության:
Բացահայտեք երկիր մոլորակի հրաշքները: Զգացեք բնության ստեղծագործ ուժի և մարդկային երևակայության փոխազդեցությունը: