Ասեղնագործ մեղեդիներ․ Ձայնային ճամփորդություն Ալեքսիս Փոլի հետ
Ալեքսիս Փոլը ֆրանսիացի արվեստագետ է` երաժիշտ, կոմպոզիտոր և համադրող։ 2014 թվականից, Ալեքսիսն արդի մոտեցումներով ուսումնասիրում և վերակենդանացնում է երգեհոնիկի մշակույթը՝ ճանապարհորդելով, ստեղծագործելով և համագործակցելով տարբեր մշակութային համատեքստերում։ «Ասեղնագործ մեղեդիներ» ցուցադրությունը արվեստագետի յուրահատուկ ճամփորդությունն է, որը մենք անցնում ենք իր հետ։ Գաֆէսճեան արվեստի կենտրոնի համար կարևոր է հայկական մշակութային ժառանգության նորովի վերաիմաստավորումը, ինչը հնարավոր է դառնում նման նախագծերի շնորհիվ։
Ալեքսիսի հետաքրքրությունների շրջանակը ներառում է ձայնի ու երաժշտության ուսումնասիրությունը լայն և բազմազան իմաստով։ Նա արդեն շուրջ ութ տարի անդրադառնում է հայկական լոկալ մշակութային տարբեր շերտերի։ Արվեստագետի համար մշտապես էական է եղել անսպասելի մեղեդային լիցքերի կամ ներուժի բացահայտումը այնտեղ, որտեղ դա ակնհայտ չէ։
Այդուհանդերձ, վերջին տարիներին իր «Disornaments» նախագծի շրջանակում Ալեքսիս Փոլը հատկապես հետաքրքրված է գործվածքի ու ձայնի միջև կամուրջներ ստեղծելով՝ կենտրոնանալով մասնավորապես հայկական ասեղնագործության և գորգագործության վրա (հիմնականում՝ Արևմտյան Հայաստանից)։ Մուլտիդիսցիպլինար արվեստագետը փորձում է այդ աշխատանքներում բացահայտել թաքնված եզրեր, որոնք դրանց կիրառական կամ գեղագիտական մակարդակից անդին են։
Ալեքսիսին առավելապես հետաքրքրում է զարդանախշը, որի շուրջ և կառուցված է այս կարևոր ժառանգությունը։ Արվեստագետը կենտրոնանում է այդ կրկնվող զարդապատկերների վրա, դրանք հնարավորինս սխեմատիկ է դարձնում՝ հասցնելով ամենապարզ կետագծերի, բծերի և ուրվանկարների. Ալեքսիսի արվեստային ինտուցիան հանգեցնում է պոետիկ ակտի և ձայնի գեներացման փորձարկումների։
Ալեքսիսը օգտագործում է մեխանիկական երաժշտական գործիքների, այդ թվում փողոցային երգեհոնի համար նախատեսված հատուկ թղթեր՝ ծակոտաքարտեր, որոնց վրա համապատասխան անցքեր անելով՝ փոխանցում է այդ զարդանախշերի սխեմատիկ պատկերները։ Այդ գործիքներն ընկալում են թղթի վրա արված զարդանախշային անցքերը որպես նոտային ինֆորմացիա, ինչի արդյունքում հայկական ասեղնագործությունը սկսում է հանկարծակի «հնչել»՝ նոր կյանք ստանալով։ Այս ամբողջ ցուցադրությունը ոչ թե վերջնարդյունքի, այլ ընթացքի մասին է։ Արվեստագետի ստեղծագործական գործողությունը դառնում է ցուցադրության մաս, երբ Ալեքսիսի ուղղակի ֆիզիկական աշխատանքը ցուցասրահը տրանֆորմացնում է կենդանի պերֆորմանսի։
Նարեկ Վան Աշուղաթոյանի հարուստ հավաքածուից ներկայացված եզակի ասեղնագործական ու գորգարվեստի նմուշները ոգեշնչման աղբյուր են դարձել Ալեքսիս Փոլի համար։
«Ասեղնագործ մեղեդիներ․ Ձայնային ճամփորդություն Ալեքսիս Փոլի հետ» ցուցադրությունը հնարավոր է դարձել Գաֆէսճեան արվեստի կենտրոնի և Հայաստանում Ֆրանսիայի դեսպանության / Հայաստանի Ֆրանսիական ինստիտուտի համագործակցության արդյունքում։