23 փտր 2018 - 03 հնս 2018

ԱՐՎԵՍՏԱՆՈՑ

Գաֆէսճեան պատանեկան խորուրդը ներկայացնում է նոր նախագիծ՝ ԱՐՎԵՍՏԱՆՈՑ:

Ի՞նչ է արվեստանոցը. փակ ներանձնային տարա՞ծք, որը պատկանում է միայն արվեստագետին, թե՞ «գործարան», որտեղ բյուրեղանում են ժամանակի միտքը և նյութը: 

«Արվեստանոց» լուսանկարչական նախագիծը ներկայացնում է ինը ֆոտոպատում տաս հայ ժամանակակից նկարիչների և նրանց արվեստանոցների մասին՝ բացահայտելով արվեստագետների «սրբազան տարածքը» Գաֆէսճեան պատանեկան խորհրդի անդամների աչքերով: Պատանի լուսանկարիչների տեսախցիկը վավերագրել է ճանաչված արվեստագետների անհայտ արվեստանոցային տարածքները՝ հրավիրելով դիտողին բացահայտելու ներկայացված արվեստագետների ստեղծագործական միջավայրի բազմազանությունը և պարզ հարաբերություններն այդ միջավայրի հետ:

«Արվեստանոց» նախագիծը մեկնարկել է 2017 թվականի օգոստոսին վավերագրական լուսանկարչության դասընթացով, որի շրջանակներում 4Պլյուս վավերագրական լուսանկարչության կենտրոնում պատանեկան խորհրդի տաս անդամները մասնակցել են Նազիկ Արմենակյանի պարապմունքներին, ծանոթացել լուսանկարչության պատմությանը, ձեռք բերել տեսական և գործնական գիտելիքներ, որին հաջորդել են արվեստանոցային այցերը և հանդիպումներն արվեստագետների հետ: 

Նախագծի մեջ ներգրավված արվեստագետներն են քանդակագործ Սահակ Պողոսյանը, նկարիչներ Ռոբերտ Էլիբեկյանը, Խաչատուր Մարտիրոսյանը, Մարինա Դիլանյանը, Նանա Արամյանը, Արման Գրիգորյանը, Սարգիս Համալբաշյանը, Մերի Մունը, Արևիկ Արևշատյանը և Ռուբեն Գրիգորյանը, ում արվեստանոցների շուրջ պատանիները ստեղծել են իրենց ֆոտոպատումները: 

Ներգրավելով պատանիներին և արվեստագետներին ստեղծագործական երկխոսության մեջ՝ «Արվեստանոց» նախագիծը դարձավ միջսերնդային ճանաչողության և համագործակցության ինքնատիպ հարթակ, որի արդյունք հանդիսացող ֆոտոպատումներն արտացոլում են այդ հարաբերությունների անմիջականությունն ու հուզական փորձառությունը: 

«Արվեստանոց» ցուցադրությունը ներկայացված է Կենտրոնի Շարժասանդուղքների սրահում՝ «Խանջյան պարտեզի», «Խանջյան» և «Սասունցի Դավիթ պարտեզի» հարթակներում: Ցուցադրությունը բաց կլինի 2018 թվականի փետրվարի 23-ից մինչև հունիսի 3-ը: 

Գաֆէսճեան պատանեկան խորհուրդը 13-16 տարեկան երիտասարդների առաջնորդական խումբ է, որը  ստեղծվել է 2017թ.՝ նպատակ ունենալով կառուցել շարունակական հարաբերություններ  պատանիների հետ, կարևորել նրանց բազմապիսի հետաքրքրությունները և կարիքները՝ Կենտրոնը դարձնելով սիրելի վայր բոլոր դեռահասների համար, ներգրավել նրանց մշակութային միջավայրի մեջ որպես ակտիվ դերակատարների, միևնույն ժամանակ խթանել նրանց ստեղծարար մտածողությունը և տեսողական գրագիտությունը, նպաստել հաղորդակցման, թիմային աշխատանքի և առաջնորդական հմտությունների զարգացմանը:

Ծրագրի հովանավորն էր Beeline ընկերությունը:

  • Տեսադարան
    Տեսանյութ և լուսանկարներ ցուցադրության բացումից
    Իմանալ ավելին
ՄՇՏԱԿԱՆ ՑՈՒՑԱԴՐՈՒԹՅՈՒՆ
«Սասունցի Դավիթ» Որմնաքանդակ
«Սասունցի Դավիթ» Որմնաքանդակ
Արտաքին հարթակներ
Արտաքին հարթակներ
Շարժասանդուղքների սրահ
Շարժասանդուղքների սրահ
Գաֆէսճեան քանդակների պարտեզ
Գաֆէսճեան քանդակների պարտեզ
Կոլեկցիոների ներաշխարհում
Կոլեկցիոների ներաշխարհում