Արեգ Կոզմոյան․ ԱՆՑուԴԱՐՁ, հարյուրամյա գիֆապատում
Գաֆէսճեան արվեստի կենտրոնը և Երևանի «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնը ներկայացնում են «Արեգ Կոզմոյան․ ԱՆՑուԴԱՐՁ, հարյուրամյա գիֆապատում» ցուցադրությունը՝ նվիրված հայ կինոյի 100-ամյակին։
Կինոն, մեծ հաշվով, արվեստի գրեթե բոլոր ձևերի միասնությունն է՝ վիզուալ, տարածական և ժամանակային։ Թանգարանային միջավայրը խրթին է կինոարվեստի բոլոր շերտերը միաժամանակ բացահայտելու համար։ Այդուհանդերձ, կինեմատոգրաֆիկ լեզուն տարաբնույթ «թարգմանությունների» և մեկնաբանությունների անսահման դաշտ է։ Կինոօպերատոր Արեգ Կոզմոյանը գտել է հարյուրամյա հայ կինոյի դռները բացելու իր բանալին՝ GIF-ը (Graphics Interchange Format, հայերեն՝ պատկերների փոխանակման ձևաչափ)։ Համացանցում և ժամանակակից սոցիալական ցանցերում այս ֆորմատը ֆենոմանալ տարածում ունի՝ լինելով պարզ, մատչելի ու հասանելի միջազգային վիզուալ լեզու։
Արեգ Կոզմոյանի «ԱՆՑուԴԱՐՁ» նախագիծը հայ կինոյի 100-ամյակի շտեմարան է՝ տասը տասնամյակից ընտրված հարյուր ֆիլմերի գիֆերով։ Յուրաքանչյուր դրվագ դնելով հետուառաջ շարժման մեջ՝ Արեգը ստանում է պատկերների չընդհատվող շրջապտույտ։ Այս ցուցադրությունը, Վան Սարկիսյանի հուզական երաժշտական մշակումների ու Ռոդիոն Նիկիտինսկիխի ձայնային համադրության հետ միասին, մեզ ուղեկցում է հայ կինեմատոգրաֆի կարոտաբաղձ արահետներով։
Ցուցադրությունը գործելու է Գաֆէսճեան արվեստի կենտրոնի «Սասունցի Դավիթ» պարտեզի սրահում հուլիսի 12-ից մինչև օգոստոսի 6-ը։ Մուտքն ազատ է։