Թանգարանների միջազգային օրը Գաֆէսճեան արվեստի կենտրոնում

  • Ամսաթիվ 18 մյս 2019

Այս տարի  Գաֆէսճեան արվեստի կենտրոնն (ԳԱԿ) առանձնահատուկ շուքով է նշելու Թանգարանների միջազգային օրը: Մայիսի 18-ին Կենտրոնի դռները առավոտյան ժամը 10.00-ից մինչև կեսգիշեր բաց կլինեն մշակութասեր հանրության առաջ: Այցելուներին սպասվում է թանգարանային միջոցառումների հագեցած ծրագիր՝ համեմված բազմաթիվ անակնկալներով: 

Ի լրումն ԳԱԿ մշտական ցուցադրությունների՝ այցելուները հնարավորություն կունենան վայելել նաև Կենտրոնի տասնամյակին նվիրված ժամանակավոր ցուցադրությունները: Այսպես, «Սասունցի Դավիթ» սրահում գործող «Կասկադի պատմությունը» վավերագիր ցուցադրության շրջանակներում ներկայացված լուսանկարներն ու տեսանյութերն արտացոլում են  Կասկադ համալիրի նախասկիզբը, կառուցապատման աշխատանքները և փոխակերպումը Գաֆէսճեան արվեստի կենտրոնի, իսկ «Արծիվ» սրահում գործող «ԳԱԿ ցուցահանդեսները 2009-2018. ինտերակտիվ ամփոփում» հետահայաց ցուցադրության շրջանակներում ներկայացված պաստառներն ամփոփ պատկերացում են հաղորդում Կենտրոնի անցյալ ցուցադրությունների մասին: Ընդ որում, ԳԱԿ անդամներին առանձնահատուկ փորձառություն է սպասվում՝ վիրտուալ շրջագայություն դեպի անցյալ:  

Իր տասնամյա գործունեության ընթացքում Կենտրոնն իրականացրել է  բազում կրթական ծրագրեր, որոնցից շատերը հովանավորվել են «Beeline»-ի կողմից: Այդ ծրագրերի արդյունքում ստեղծված լավագույն նմուշների ընտրանին կցուցադրվի «Սասունցի Դավիթ» պարտեզի սրահում: Թանգարանների միջազգային օրվա առթիվ ԳԱԿ-ը  կրկնակի անակնկալ է պատրաստել մանուկների և պատանիների համար՝ «Ստեղծիր քո շրջայցը» ճանաչողական-ժամանցային առցանց հարթակը և «ԴիզայնԼաբ. Աթոռներ» նոր կրթական ծրագիրը: Վերջինս հնարավորություն կընձեռի 11 տարեկանից բարձր դպրոցականներին և նրանց ընտանիքներին երիտասարդ դիզայներների օգնությամբ պատկերել իրենց հեղինակային դիզայներական աթոռը: Շարժասանդուղքների սրահում տեղի կունենա նաև ԳԱԿ հանրային և համերգային ծրագրերի ամփոփիչ ցուցադրությունները: 

Ի լրումն, այցելուները հնարավորություն կունենան 10% զեղչով ձեռք բերել Թանգարանի խանութի նշված տեսականին, իսկ ԳԱԿ անդամների համար կգործի 20% զեղչ:

Այսպիսով, ժամանակակից արվեստի շնչով հագեցած վառ տպավորությունները երաշխավորված են բոլոր տարիքային խմբերի այցելուների համար:  Միջոցառումների ժամանակացույցը ներկայացված է ստորև.

                    
(բոլոր ցուցադրությունները կգործեն 10:00-24:00)

1. «Կասկադի պատմությունը» վավերագիր ցուցադրություն - Սասունցի Դավիթ սրահ
2. «ԳԱԿ ցուցահանդեսները 2009-2018. ինտերակտիվ ամփոփում» - Արծիվ սրահ
3. «ԳԱԿ կրթական ծրագրերը 2009-2018. ամփոփում» - Սասունցի Դավիթ պարտեզի սրահ
4. «ԳԱԿ հանրային ծրագրերը 2009-2018. ամփոփում» - Շարժասանդուղքների սրահ
5. «ԳԱԿ համերգային ծրագրերը 2009-2018. ամփոփում» - Շարժասանդուղքների սրահ
6. «ԴիզայնԼաբ. Աթոռներ» կրթական ծրագիր (11+ մասնակիցների համար) - Շարժասանդուղքների սրահ և Ստեղծագործական սրահ (ժ. 11:00)
7. «Ստեղծիր քո շրջայցը» ճանաչողական-ժամանցային առցանց հարթակի մեկնարկ - www.cmf.am

 

Դիտել միջոցառման լուսանկարները և տեսանյութը