Թանգարանային գիշեր Գաֆէսճեան արվեստի կենտրոնում

  • Ամսաթիվ 19 մյս 2012

Մայիսի 19-ին Գաֆէսճեան արվեստի կենտրոնը տոնելու է Թանգարանային գիշերը` անվճար բացելով իր բոլոր ցուցասրահները առավոտյան ժամը 10:00 մինչև 24:00:

Թանգարանային գիշերվա շրջանակներում Գաֆէսճեան արվեստի կենտրոնում անցկացվող միջոցառումներից կենտրոնականը «Երևանյան կոլեկցիոներների ընտրությունը» ցուցահանդեսի հանրային բացումն է, որը ներկայացնում է երեք կոլեկցիոներների՝ արվեստաբան Պողոս Հայթայանի, նկարիչ Ռոբերտ Էլիբեկյանի և ճարտարապետ Օշին Եղիազարյանցի արվեստի հավաքածուների ընտրանին:

Թանգարանային գիշերվա ԳԱԿ-ի ծրագրերը ներառում են նաև Աստղերի հարթակում գտնվող «Սվարովսկի Բյուրեղյա պալատ» ցուցահանդեսը և «Գաֆէսճեան բյուրեղապակյա աշտարակ» քանդակի ցուցադրությունը:

Թանգարանային գիշերը ԳԱԿ-ի այցելուները կունենան վերջին հնարավորությունը տեսնելու «Գարնանային մոտիվներ. Ընտրանի Ռուսական արվեստի թանգարանի հավաքածուից» ցուցահանդեսը, ինչպես նաև մասնակցելու ցուցահանդեսի շրջանակներում իրականացվող «Անդրադարձ գեղեցիկին և ներդաշնակին» կրթական ծրագրի վերջին երկու հանդիպումներին: Մասնակցությունը ծրագրին անվճար է, պարտադիր նախնական գրանցմամբ: Տեղեկությունների և գրանցումների համար զանգահարել` +37410 541932/34:

Թանգարանային օրվա կապակցությամբ կմեկնարկի նաև Գաֆէսճեան արվեստի կենտրոնի պաշտոնական կայքէջի հայերեն տարբերակը:

Միասին տոնենք Թանգարանային գիշերը Գաֆէսճեան արվեստի կենտրոնում: