«ՕՐԲԻՍ» մուլտիմեդիոն ինստալյացիա Գաֆէսճեան արվեստի կենտրոնում

  • Ամսաթիվ 04 հնս 2019

Իտալիայի Հանրապետության 73-րդ տարեդարձի տոնակատարությունների շրջանակում Հայաստանում Իտալիայի դեսպանությունը ներկայացնում է Գաֆէսճեան արվեստի կենտրոնի (ԳԱԿ) աջակցությամբ իրականացվող «ՕՐԲԻՍ» նախագիծը: Հունիսի 4-ին՝ ժամը 21.00, Գաֆէսճեան արվեստի կենտրոնում կցուցադրվի իտալացի վիզուալ արվեստագետ Դանիելե Սպանոյի կողմից եռաչափ արտապատկերման (3D մափինգ) սկզբունքով ստեղծված մուլտիմեդիոն ինստալյացիա, որում միահյուսվում են ձայնային և լուսային էֆեկտները, պատկերային շարժումները և Կասկադի շատրվանների ճարտարապետական առանձնահատկությունները:

Նախագծի համադրող Իզաբելա Ինդոլֆին Գաֆէսճեան արվեստի կենտրոնը բնորոշում է որպես հայկական մշակութային վերածննդի խորհրդանիշ և Հայաստանում ժամանակակից արվեստի բաբախող սիրտ: Այս մուլտիմեդիոն ինստալյացիան հավակնում է ավելի աշխուժացնել այդ սրտի զարկերակը՝ համակելով այցելուներին զգայական կլանիչ փորձառությամբ: Գաֆէսճեան արվեստի կենտրոնում հայկական ավանդական զարդանախշերով աչքի ընկնող գլուխգործոցների կողքին կարելի է տեսնել համաշխարհային ժամանակակից արվեստի բացառիկ նմուշներ: Այս յուրօրինակ հակադրությունը արտացոլված է նաև Դանիելե Սպանոյի հեղինակած նախագծում, որն այցելուներին կներկայացվի Ֆրանց Ռոզատիի երաժշտության ներքո:  

Նախագծի իրականացման համար Հայաստանում Իտալիայի դեսպանությունը համագործակցել է Գաֆէսճեան արվեստի կենտրոնի, Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի և «HD Studio» ՍՊԸ-ի հետ:  


ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆ ԱՐՎԵՍՏԱԳԵՏԻ ՄԱՍԻՆ 
Հռոմի Գեղարվեստի Ակադեմիայում սցենոգրաֆիա ուսումնասիրելուց հետո տեսողական արվեստագետ Դանիելե Սպանոն (ծնված Հռոմում 1979 թ.) սկսում է գործունեություն ծավալել որպես ռեժիսոր և տեսողական արվեստագետ: Տարբեր հաստատությունների և մասնավոր հիմնադրամների կողմից պատվիրված վիդեո ինստալյացիաները արվեստագետին տանում են դեպի Իտալիայի ամենագեղեցիկ հրապարակներն ու հուշարձանները, որոնցում նա հանդես է գալիս տարաբնույթ գեղարվեստական նախագծերով: 
2012-2015 թթ. «Romaeuropa» հիմնադրամի գեղարվեստական խորհրդատու և Digital Life-ի գիտական կոմիտեի անդամ է եղել: Իր նախագծերն է ցուցադրել այնպիսի թանգարաններում, ինչպիսիք են Հռոմի Ցուցադրությունների պալատը, Սանկտ Պետերբուրգի Գեղարվեստի ռուսական ակադեմիայի թանգարանը, Ումբրիայի Ազգային պատկերասրահը, Հռոմի Չենտրալե Մոնտեմարտինին, Պոնտինիայի MAP-ը: 



Գաֆէսճեան արվեստի կենտրոնի առաքելությունն է ժամանակակից արվեստի լավագույն նմուշները ցուցադրել Հայաստանում և աշխարհին ներկայացնել հայկական մշակույթի լավագույնը: 2009 թվականի նոյեմբերին տեղի ունեցած բացումից առ այսօր Գաֆէսճեան արվեստի կենտրոնը, հավատարիմ իր առաքելությանը, կազմակերպում է բազմազան ցուցահանդեսներ, ներկայացնում ժամանակակից արվեստի յուրօրինակ գործեր, իրականացնում ֆիլմերի ցուցադրություններ, համերգաշարեր, դասախոսություններ և կրթական ծրագրեր:

 

Դիտել միջոցառման լուսանկարները և տեսանյութը