Հուլիսի 17-ին տեղի ունեցավ ԳԱԿ-ի 10-ամյակին նվիրված գալա համերգը

  • Ամսաթիվ 17 հլս 2019

Միջոցառման ընթացքում հնչեցին երաժշտական կատարումներ և հայտնի մշակութային անձանց կողմից խոսքեր: Երևանցիները, հայաստանցիները և զբոսաշրջիկները հավաքվել էին մեկ վայրում՝ նշելու ԳԱԿ-ի տասնամյա գործունեության կուլմինացիան:

Հայաստանի պետական ջազ նվագախումբը, իր գեղարվեստական ղեկավար Արմեն Հյուսնունցի գլխավորությամբ բացեց տոնական երեկոն՝ գրավելով բոլորի ուշադրությունը և Գաֆէսճեան քանդակների պարտեզը լցնելով ջազի մեղեդիներով:
 
ԳԱԿ-ի գործադիր տնօրենի պաշտոնակատար Վահագն Մարաբյանը բացման խոսք ուղղեց հանդիսատեսին, որից հետո ելույթով հանդես եկավ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի փոխնախարար Նարինե Խաչատուրյանը: Հանդիսատեսի շարքերում էին Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը, տարբեր թանգարանների և դեսպանատների ներկայացուցիչներ, ինչպես նաև այլ հայտնի արվեստագետներ և մշակութային անձիք: 

Հրավիրյալ խոսնակները շնորհավորանքի և գնահատանքի խոսքեր ուղղեցին ԳԱԿ-ին՝ նշելով Կենտրոնի՝ հայկական արվեստի և մշակույթի բնագավառում ունեցած ուրույն դերը և արժեքը:  

Գագիկ Գինոսյանի ղեկավարած «Կարին» պարային համույթը հանդես եկավ հայկական Քոչարի պարով և Կասկադ համալիրը ողողեց ազգագրական ռիթմերով ու հոգով:

Հրավիրյալ երաժիշտները հանդես եկան տարբեր կատարումներով, իսկ երեկոյի ավարտին Վահագն Հայրապետյանն ու Արտո Թունջբոյաջյանը կատարեցին ջազի և հայկական ավանդական երաժշտության համադրությամբ ստեղծված համերգային ծրագիր:
 
Տոնական երեկոն ավարտվեց ճոխ հրավառությամբ:

Գաֆէսճեան քանդակների պարտեզն այս տոնական երեկոյին լի էր մարդկանց ուրախ ու պայծառ դեմքերով:

 

Դիտել միջոցառման տեսանյութը և լուսանկարները