ՀԱՆԴԻՊՈՒՄ ԱՐՎԵՍՏԻ ՀԵՏ. «ԳԱԿ ցուցահանդեսները 2009-2018. ինտերակտիվ ամփոփում»

  • Ամսաթիվ 11 ապր 2019

2019 թ. ապրիլի 11-ին Գաֆէսճեան արվեստի կենտրոնում (ԳԱԿ) թևածում էին անցյալի ջերմ հուշերը: Կենտրոնը կազմակերպել էր «ԳԱԿ ցուցահանդեսները 2009-2018. ինտերակտիվ ամփոփում» հետահայաց վավերագիր ցուցադրությունը՝ այցելուներին հնարավորություն ընձեռելով ժամանակակից տեխնոլոգիաների օգնությամբ պտտել ժամանակի անիվը և վերադառնալ անցյալի գիրկը: 

Կենտրոնի տասնամյակին նվիրված այս ցուցադրության բացումից անմիջապես հետո Հատուկ միջոցառումների սրահում տեղի ունեցավ «Հանդիպում արվեստի հետ» շարքի հերթական բանախոսությունը: Էջ առ էջ թերթելով թանգարանային գործունեության մի ամբողջ տասնամյակ՝ Կենտրոնի գործադիր տնօրենի պաշտոնակատար Վահագն Մարաբյանը վերհիշեց Կենտրոնի ցուցադրությունների ուշագրավ դրվագները, հետաքրքրաշարժ մանրամասներ պատմեց արվեստագետների հետ ունեցած շփումից և իր խորին երախտագիտությունը հայտնեց նրանց՝ Կենտրոնի հետ ծավալած արդյունավետ համագործակցության համար: 

Միջոցառման պատվավոր հյուրերի թվում էին ՀՀ մշակույթի նախարարի պաշտոնակատար Նազենի Ղարիբյանը և մի շարք հայտնի արվեստագետներ, ում ներկաները ողջունեցին ջերմ ծափողջյուններով: Բանախոսությունից հետո այցելուները հնարավորություն ունեցան մտերմիկ զրույց ծավալել արվեստագետների և Կենտրոնի աշխատակիցների հետ: 

Իր 10-ամյա գործունեության ընթացքում Գաֆէսճեան արվեստի կենտրոնը կազմակերպել է շուրջ 60 ցուցահանդես հետևյալ վիճակագրությամբ.

Ջերարդ Գաֆէսճեան հավաքածուից – 20
Հայ արվեստագետներ – 18
Միջթանգարանային համագործակցություն – 6
Համատեղ նախագծեր – 5
Երևանյան կոլեկցիոներների ընտրությունը – 3
Կրթական ծրագրերի արդյունք – 3
Վավերագիր - 3


 

Դիտել միջոցառման լուսանկարները և տեսանյութը