ՀԱՆԴԻՊՈՒՄ ԱՐՎԵՍՏԻ ՀԵՏ. Նորաձևության ճանապարհ
- Ամսաթիվ 02 փտր 2012
«Հանդիպում արվեստի հետ» շարքի 2012 թվականի առաջին միջոցառումը նվիրվեց «Նորաձևության ճանապարհ» նախագծի և վերջինիս շրջանակներում իրականացված հայ, բրիտանացի, դանիացի, ռումինացի, չեխ և գերմանացի երիտասարդ դիզայներների կողմից ստեղծված 20 զգեստի ցուցադրությանը:
«Նորաձևության ճանապարհ. Երկխոսություն սահմանների խաչմերուկում» ցուցահանդեսը հանրության առջև իր դռները բացեց «Սասունցի Դավիթ» պարտեզի սրահում փետրվարի 2-ին: Նույն օրը երեկոյան Գաֆէսճեան արվեստի կենտրոնում տեղի ունեցավ հատուկ հանդիպում ծրագրի մասնակցիների հետ: Հանրային միջոցառումը մեկնարկեց ցուցասրահում, ուր այցելուները հնարավորություն ստացան տեսնելու ցուցանմուշները և ծանոթանալու դիզայներների հետ:
Երեկոն շարունակվեց Հատուկ միջոցառումների սրահում, ուր կազմակերպիչները և մասնակիցները ներկայացրեցին նախագիծը: Առաջին բանախոսը` Հայկական նորաձևության խորհրդի փոխնախագահ, նախագծի խորհրդատու Արմինե Թադևոսյանը, խոսեց մշակութային բազմազանության և նորաձևության մասին, մանրամասն ներկայացնելով, թե ինչպես է բազմազանությունն արտացոլվում տարբեր նախշերի և օրնամենտների միջոցով:
Այնուհետև խոսքը տրվեց ցուցադրության կուրատոր Թոնի Չարալամբուսին, ով ներկայացրեց ծրագիրը, ցուցահանդեսի նախապատրաստական աշխատանքները և ցուցահանդեսի կազմավորման սկզբունքները:
Ծրագրի մասնակից երիտասարդ դիզայներները, բեմ բարձրանալով, ներկայացրեցին, թե ինչպես էր զարգանում նրանց ստեղծագործությունը, ինչպես էր բացահայտվում գործընկերոջ մշակույթը և վերաիմաստավորվում սեփականը փոխադարձ այցելությունների ընթացքում, ինչպես էին ստեղծվում զգեստները: