ՀԱՆԴԻՊՈՒՄ ԱՐՎԵՍՏԻ ՀԵՏ. Առնո Բաբաջանյան

  • Ամսաթիվ 03 նմբ 2011

Նոյեմբերի 3-ին, ժ. 19:00-ին, Գաֆէսճեան արվեստի կենտրոնի Հատուկ միջոցառումների սրահում «Հանդիպում արվեստի հետ» շարքը ներկայացնում է հայ անվանի կոմպոզիտոր Առնո Բաբաջանյանին: Միջոցառումը նվիրվում է երգահանի ծննդյան 90-ամյակին: 

Առնո Բաբաջանյանը ծնվել է 1921թ. Երևանում: Հինգ տարեկանում նրա արտասովոր տաղանդն արդեն բացահայտ էր, և նույնիսկ մեծն Արամ Խաչատրյանը, տեսնելով փոքրիկ տղայի տաղանդը, նպաստեց երեխային լավ երաժշտական կրթություն տալու հարցում: Երկու տարի անց, 1928 թվականին, Բաբաջանյանն ընդունվում է Երևանի կոնսերվատորիային կից երաժշտական դպրոցը, հետո նաև Մոսկվայի լավագույն երաժշտական դպրոցներից մեկը: Բաբաջանյանը ձեռք է բերում ճանաչում բավականին շուտ` ինչպես  ակադեմիական երաժշտության, այնպես էլ հայտնի կինոնկարների համար գրված երաժշտության համար: Վերջիններս արվում էին Եվգենի Եվտուշենկոյի, Ռոբերտ Ռոժդեստվենսկիի և 20-­րդ դարի շատ այլ հայտնի ռուս պոետների հետ համագործակցությամբ, հիմնականում Հայաստանում կամ Սովետական Միության առաջատար կինոստուդիաներում: Առնո Բաբաջանյանը ունի վիրտուոզ դաշնակահարի ճանաչում, ով իր ստեղծագործությունները հիմնականում կատարել է անձամբ:

Միջոցառումը ԳԱԿ­-ում կազմակերպվել էր Առնո Բաբաջանյանի անվան հիմնադրամի Հայաստանի մասնաճյուղի հետ համագործակցությամբ: Երեկոն սկսվեց հինգ րոպե տևողությամբ ֆիլմի ցուցադրությամբ` պատրաստված Գաֆէսճեան արվեստի կենտրոնի կողմից: Այն ներկայացրեց Առնո Բաբաջանյանի արխիվային լուսանկարները, գուգորդված կոմպոզիտորի հայտնի Նոկտյուրնի երաժշտությամբ:  

Ծրագիրը վարում էր երաժշտագետ Նոնա Ոսկանյանը, ով ներկայացրեց կոմպոզիտորին, նրա կյանքը, ստեղծագործությունները և հարուստ ժառանգության  կարևորությունը հայ արվեստի համար: Առնո Բաբաջանյանի ընկերները, կոմպոզիտորներ Մելիք Մավիսակալյանը և Մարտին Վարդազարյանը, պատմեցին իրենց հիշողությունների մասին` ներկայացնելով Առնոյին ոչ միայն որպես տաղանդաշատ անձնավորության, այլ նաև հիանալի հումորի և խարիզմայի տեր մարդու: 

Ողջ երեկոյի ընթացքում Հատուկ միջոցառումների դահլիճը լի էր կոմպոզիտորի կախարդական երաժշտության ելևէջներով: Հանդիսատեսն ունկնդրեց Առնո Բաբաջանյանի երաժշտական մրցույթի հաղթողների հիանալի ելույթը:

 

Դիտել միջոցառման լուսանկարները և տեսանյութը