ՀԱՆԴԻՊՈՒՄ ԱՐՎԵՍՏԻ ՀԵՏ․ «Հայոց պարի խազագիրը» խորագրով բանախոսություն՝ նվիրված Սրբուհի Լիսիցյանի ծննդյան 130-ամյակին:

  • Ամսաթիվ 29 հնս 2023

Հունիսի 29-ին Գաֆէսճեան արվեստի կենտրոնի (ԳԱԿ) Հատուկ միջոցառումների սրահում տեղի կունենա «Հանդիպում արվեստի հետ» շարքի հերթական հանդիպումը՝ նվիրված Սրբուհի Լիսիցյանի ծննդյան 130-ամյակին: Բանախոսությամբ հանդես կգա ազգագրական պարերի մասնագետ, «Կարին» ավանդական երգի-պարի խմբի հիմնադիր և գեղարվեստական ղեկավար՝ Գագիկ Գինոսյանը:
  
«ՀԱՅՈՑ ՊԱՐԻ ԽԱԶԱԳԻՐԸ» խորագիրը կրող բանախոսության ընթացքում պարոն Գինոսյանը կանդրադառնա հայ ազգագրագետ, արվեստաբան, պարային շարժումների գրառման գյուտի հեղինակ, պարային բանարվեստի հետազոտող, բանահավաք, պարագիտության հայկական դպրոցի սկզբնավորող, էթնոպարագիտության հիմնադիր, «հայկական պարի Կոմիտաս»` Սրբուհի Լիսիցյանին: 

«Կոմիտասը փնտրեց ու գտավ խազերի բանալին` դարերի խորքում փոշու տակ մնացած հայոց երգն ու մեղեդին պեղելու, հայ երաժշտությունը դարերի թմբիրից հանելու և հավերժացնելու համար, իսկ Սրբուհի Լիսիցյանը արարեց պարերի գրառման բանալին՝ կինետոգրաֆիան (կաքավագիրը) կամ պարերի խազագրությունը՝ դեպի գալիք դարեր ճախրեցնելով Հայոց ավանդական պարը»,- նշեց Գագիկ Գինոսյանը։

Միջոցառման մասնակիցներին նաև հնարավորություն կընձեռվի վայելելու «Կարին» ավանդական երգի-պարի խմբի պարային կատարումներից, որոնք վերականգնվել և պահպանվել են Սրբուհի Լիսիցյանի գրառումների շնորհիվ:  

Միջոցառումը կմեկնարկի ժամը 19.00: Մուտքն ազատ է: 

 

Դիտել միջոցառման լուսանկարները և տեսանյութը