ՀԱՆԴԻՊՈՒՄ ԱՐՎԵՍՏԻ ՀԵՏ․ Գրիգոր Խանջյան. Որմնանկարի խորհուրդը
- Ամսաթիվ 03 փտր 2011
2011 թվականին անցկացված «Հանդիպում արվեստի հետ» շարքի առաջին միջոցառումը, որը կայացավ փետրվարի առաջին հինգշաբթի օրը, նվիրված էր Գրիգոր Խանջյանին և նրա հայտնի որմնանկարին։ ԳԱԿ-ի բացումից հետո սա առաջին հանրային միջոցառումն էր, որը ներկայացնում էր որմնանկարը, նրա ստեղծման պատմությունն ու նշանակությունը։ Նախատեսված 100 հոգու փոխարեն միջոցառմանը մասնակցեց ավելի քան 160 այցելու։
Երեկոյի բացմանը ԳԱԿ-ի գործադիր տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Վահագն Մարաբյանը ողջունեց հյուրերին՝ ընդգծելով Կենտրոնի պատրաստակամությունը ապահովելու որմնանկարի պահպանությունը միջազգային բարձր չափանիշներով։ Կասկադ համալիրի ճարտարապետ Ջիմ Թորոսյանը կիսվեց Խանջյանի և որմնանկարի մասին իր հիշողություններով։ Տեր Ասողիկ քահանա Կարապետյանը պատմեց որմնանկարի ստեղծման պատմության մասին, իսկ արվեստաբան Վարդիթեր Գամաղելյանը հանդես եկավ դասախոսությամբ։
Միջոցառման առաջին մասի ավարտին արվեստագետի զավակները՝ Արա և Սեդա Խանջյանները, ողջունեցին հյուրերին և շնորհակալություն հայտնեցին Կենտրոնին։ Դադարին հաջորդած հյուրասիրության ընթացքում հյուրերը կիսվում էին իրենց տպավորություններով։ Միջոցառման ավարտին ցուցադրվեց 1998 թ. նկարահանված վավերագրական ֆիլմ՝ նկարչի մասին, որն մասնակիցներին հնարավորություն տվեց նորովի բացահայտել Գրիգոր Խանջյանին։ Միջոցառումը մեծ հաջողություն ունեցավ և լուսաբանվեց «Շողակաթ» և «Երկիր Մեդիա» հեռուստաալիքներով։